Լևոն Տեր-Պետրոսյան. Թուրքիայի մասով Սերժ Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է արել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն ինչ ճիշտ և նորմալ է արել: Նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե Նովոստի» պարբերականի հետ զրույցում:
«Նա ամեն ինչ ճիշտ և նորմալ է արել: Անհրաժեշտ է այդ թեման միշտ պահել օրակարգում, քանի որ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանի բացման Հայաստանը չունի զարգացման հեռանկար», - ասել է Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը ներկայացրել է նաև սահմանների բացման «ճանապարհային քարտեզի» իր տեսակետը:
«Մինչև 1992թ. ամեն ինչ նորմալ էր ընթանում Թուրքիայի հետ։ Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Պատրաստ էր նույնիսկ արձանագրության նախագիծը, բացառությամբ մեկ-երկու հարցի։ Այդ ժամանակ սկսվեցին մարտերը Քելբաջարի շրջանում, և թուրքերը դադարեցրին գործընթացը ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ։ Նրանք խզեցին այդ համաձայնությունները և փակեցին սահմանը։ Ալգորիթմը ներկայումս հետևյալն է։ Հնարավոր է՝ դա մեր ստրով այդքան էլ չէ, բայց փաստ է. թուրքերը ոչ մի կարգավորման չեն գնա, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Լուծեք Ղարաբաղի խնդիրը, և հաջորդ օրը Թուրքիայի հետ սահմանը կբացվի։ Այլ հարցեր չկան»,- ասել է Տեր-Պետրոսյանը, հավելելով, թե այնուհանդերձ պետք չէ կապակցել Թուրքիայի հետ հարաբերությունները Ղարաբաղի հետ:
«Ղարաբաղյան հարցը գոյություն ունի անկախ Թուրքիայի կամքից ու ցանկությունից», - ասել է Տեր-Պետրոսյանը: