Թալիշ մտավորական. Ադրբեջանում թալիշները զրկված են իրենց տարրական իրավունքներից
Ադրբեջանի ղեկավարությունն իր պանթյուրքական սին գաղափարախոսության շնորհիվ թալիշներին զրկել է տարրական իրավունքներից: Այդ մասին Panorama.am կայքի թղթակցին տված հարցազրույցում նշել է իրանցի թալիշ մտավորական, գրականագետ Յասեր Քարամզադեն:
«Ադրբեջանում թալիշագիտությամբ զբաղվելը և թալիշերենով խոսելը հանցագործություն է համարվում և այն անձինք, ովքեր զբաղվում են թալիշների հարցերով, գտնվում են անվտանգության ուժերի վերահսկողության ներքո: Ադրբեջանի ոչ ժողովրդավարական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում թալիշ մտավորական Նովրուզալի Մամեդովը միայն այն բանի համար, որ զբաղվում էր թալիշագիտությամբ բանտ նստեցվեց, որտեղ էլ երկու տարի առաջ մահացավ»,- նշել է իրանցի թալիշ մտավորականը:
Յասեր Քարամզադեն, նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո թալիշները 1993թ. հռչակեցին իրենց անկախությունը, սակայն Ադրբեջանի պանթյուրքիստական ղեկավարությունը ոչնչացրեց նոր կազմավորված Թալիշ-Մուղանյան հանրապետությունը:
Թալիշ մտավորականը, անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին, նշեց, որ թալիշները Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունների կողմից ստիպված են եղել կռվել հայերի դեմ, սակայն ներկայում թալիշները հայերին ընկալում որպես իրենց բարեկամների և ողջունում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստը և հույս ունեն, որ մի օր էլ իրենք կհռչակեն իրենց անկախ հանրապետությունը:
Յասեր Քարամզադեն, անդրադառնալով Երևանում կազմակերպված թալիշագիտական երկրորդ կոնֆերանսին, նշեց, որ Հայաստանի նման ժողովրդավարական երկրները չեն կարող անտարբեր մնալ այն ազգերի ճակատագրի նկատմամբ, ուստի նմանատիպ կոնֆերանսները նպաստում են, որպեսզի թալիշներն ավելի լավ ծանոթանան իրենց լեզվին և մշակույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան