ՀՀ նախագահ. Մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե
«Քանի դեռ խնդիրը չի լուծվել, միշտ սահմանին անհանգիստ է լինելու, բայց մեր ցանկությունն է, որպեսզի այդ անհանգիստ վիճակը պատճառ չդառնա մարդկային զոհերի»,-ղարաբաղաադրբեջանական սահմանին վերջին օրերին գրանցված միջադեպերի մասին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ի` ժամը 08:50-ի սահմաններում ԼՂՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:
Դրանից մեկ օր առաջ` նոյեմբերի 19-ին` ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:
«Մեր զինվորների կորստի մեղքն ամբողջովին ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, և նաև նրանց բանակի կորուստների պատասխանատվությունն է ընկնում է իրենց վրա: Եթե իրենց համար զինվորի մահը ոչինչ չարժե, ապա մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե»,-ասաց ՀՀ նախագահը, ընդգծելով, որ սա պետք է բոլորը հիշեն:
Սերժ Սարգսյանի կարծիքով, սահմանում գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի: «Ինչո՞ւ: Որովհետև դա մեր ցանկությունն է, որովհետև մարդկային բանականությունը դա է պահանջում: Գիտե՞ք, որպեսզի որևէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք և նաև համոզմունք, եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ոչինչ էլ չենք կարող անել»,-ասաց ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան