Ռուբեն Սաֆրաստյան. Սիրիահայ համայնքը լիովին աջակցում է երկրի ներկայիս իշխանություններին
Սիրիահայ համայնքը ներկայիս վարչակարգի պահպանման մեջ է տեսնում երկրում հետագա հարատևման հիմնական երաշխիքը: Անդրադառնալով մերձավորարևելյան վերջին զարգացումների՝ տեղի հայ համայնքների վրա հնարավոր ազդեցության խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Բանախոսի կարծիքով, արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների հիմնական առձնահատկությունը կայանում է նրանում, որ երկար տարիներ իշխող ազգայնական կողմնորոշում ունեցող ուժերը իրենց տեղը զիջում են իսլամիստական ուժերին, որոնք ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեն այս երկրներում բնակվող բոլոր քրիստոնեական համայնքների՝ այդ թվում նաև հայության նկատմամբ:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, մեծամասամբ իսլամիստական կողմնորոշում ունեն նաև ներկայումս Սիրիայում իշխող Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ուժերը:
Բացի դրանից, ըստ Ռ. Սաֆրաստյանի, հայերը Սիրիայում գործող վարչակարգի կառավարման պայմաններում իրենց պաշտպանված և ապահով են զգում:«Սիրիահայ համայնքի առանձահատկություններից մեկ այն է, որ այն շատ լավ ինտեգրվել է սիրիական հասարակության մեջ, մասնավորապես հայր և որդի Ասադների կառավարման շրջանում»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Վերոհիշյալ հանգամանքները, բանախոսի կարծիքով, հայությանը չեն թողնում քաղաքական ընտրության հնարավորություն, և հենց դրանով է պայմանավորված հայության շեշտադրված իշխանամետ դիրքորոշումը:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքով, Մարձավոր Արևելքում` զարգացումների հետևանքով հայությանը սպառնացող մյուս վտանգը տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացումն է: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, պաշտոնական Անկարան կարողացավ շատ հմտորեն օգտագործել արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ինչի արդունքում այս երկրներում իշխանության են գալիս Թուրքիայի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունեցող կառավարող վարչակարգեր: Սա, ըստ բանախոսի, հղի է տեղի հայության համար լրջագույն հետևանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին