Հայաստանը Իտալիայի սրտում. Մխիթարյան միաբանություն
Հայկական պատվիրակությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Մխիթարյան միաբանությունում է: Այցը հայկական գրատպության հինգ հարյուր ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում է:
Հայաստանի նախագահին ու հայկական պատվիրակությանը նավամատույցի մոտ դիմավորեցին Սուրբ Ղազար կղզու Աբբահայր Եղիա Սրբազանը, հոգևոր հայրեր:
Ահա «Հայկական ակադեմիան». այս պատվավոր տիտղոսը շնորհվել է Նապոլեոն Բոնապարտի հրովարտակով` Սբ Ղազարի հայկական միաբանությանը և այն ճանաչվել է գիտական հաստատություն: Հենց գիտության, կրթության, ինքնության լույսից էլ, որ ներսից է հոսում, խոսեցին եկեղեցում:
Այստեղ, ուր մտքի լույսի կանթեղը վառեց Մխիթար Սեբաստացին, որպես այդ ինքնության ընդունում ու հաստատում` նախատեսված է մոմավառություն: Նախատեսված էր, որ պիտի վառվի երկու մոմ, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքեց դրանք` ի վկայություն անխախտ եռամիասնության` Հայաստան-Սփյուռք-Արցախ:
Ներկաները ծափահարում են… Շրջայց:
«Օտարները Հայոց կղզի կկոչեն. հոն ամեն ինչ հայկական է… հայ անունին համար: Աղոթքի հետ՝ աշխատանք, առաքինության հետ՝ հայրենասիրություն, հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար, հայ ժողովուրդին համար...»,- ասել է Մխիթար Սեբաստացին: Այս միտքը անընդհատ ներկա էր բոլոր ցուցասրահներում, բոլոր ներկայացումներում ու պատմություններում:
Ձեռագիր ու տպագիր գրքեր. Մխիթար Սեբաստացու սենյակում տեսանք նրա տպագրած գրքերը, առաջին տպագիր Աստվածաշունչը… Ընդհանուր հաշվով Մխիթարյան միաբանության մատենադարանում հաշվվում է մոտ 5 հզ. միավոր ձեռագրեր, 150 հազար տպագիր գիրք: Ֆոնդը համալրվում է մշտապես և նվերներով, և գնումներով, ու գրադարանն արդեն այդ ամբողջը տեղավորելու խնդրի առաջ է կանգնած: Ցանկություն կա սկսել այս գրահարստության թվայնացումը, որն էլ սակայն միջոցների հետ է կապված:
Շրջայցից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շնորհակալական խոսքեր ՀՀ նախագահին ու նվերների հանձնում. նվերները` իհարկե գրքեր: Էլ ինչ նվիրել հայ գրատպության հինգ հարյուր ամյակի առթիվ:
Սերժ Սարգսյանը, դիմելով ներկաներին, ասաց, թե որքան հպարտ է, որ այսպիսով է հայտարարված հայ գրատպության հինգհարյուր ամյակի միջոցառումների սկիզբը: Նա բարձրաձայնեց, թե ինչը պետք է լինի մեր նպատակը. «Լույսը տարածելը և լույսը օգտագործելը»:
«Մենք պարտավոր ենք հարմարվել արագ փոփոխվող աշխարհին` պահպանելով մեր ինքնությունը ու հավատարիմ մնալով մեր արմատներին»,-ընդգծեց նա:
Ու այս միջոցառումների շարքը, որոնցով նշանավորվում են ոչ միայն տպագրության հինգ հարյուր ամյակը, այլև հայ գրի տասնվեց դարյա պատմությունը` նախագահի գնահատմամբ, ոչ միայն մեր հարգանքի տուրքն է, այլև հնարավորությունը ցույց տալու մեր արժեքները:
Այստեղ նախագահը նշեց հայերիս առանձնահատկությունը` «Տեսնել և յուրացնել ամենաառաջավորը. դրա համար մենք առաջինն էինք, որ պետականորեն ընդունեցինք քրիստոնեությունը»:
(Հավատի ու մտքի լույսերը միասնություն /դիտարկումը` panorama.am-ի/):
«Հայաստանը Եվրոպայի սրտում ունի պատկառելի ներկայություն», -ասաց ՀՀ նախագահը և հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը կօգնի թվայնացնել Սուրբ Ղազար կղզու մատենադարանը. միաբանությունը կարիք չունի ցուցակ ներկայացնել, թե ինչ սարքավորումներ են անհրաժեշտ թվայնացման համար. «Դուք ներկայացրեք հաշիվը, թե որքան է անհրաժեշտ ձեզ դրա համար»:
«Շնորհակալ եմ, որ դուք մեզ միշտ հպարտ եք պահում»,-ասաց նախագահը, և ծափողջյունները նույնքան հնչեղ էին, որքան և հանուն Հայաստան –Սփյուռք-Արցախ եռամիասության խորհրդանշական մոմավառության ժամանակ:
«Շնորհագալ ենք, որ եգաք ու բադվեցիք մեզի»,-սա պատասխանն էր Սուրբ Ղազար «կղզում ծվարած փոքրիկ Հայաստանի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին