Քննարկվել է ՀԱՊԿ 10-ամյակի կապակցությամբ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունը
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են և հավանության արժանացել դեկտեմբերի 20-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձել են 2010 թ. դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի ընդունված որոշումների և ս.թ. օգոստոսի 12-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Համատեղ նիստին քննարկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 10-ամյակի կապակցությամբ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմական, ռազմա-տնտեսական և ռազմա-տեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը:
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական և ֆինանսական հարցեր, ինչպես նաև համաձայնեցրել են ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:
Համատեղ նիստի արդյունքում ստորագրվել են շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը: Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:
Աղբյուրը նշում է, որ կայացել են ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի առանձին նիստերը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան