Ս. Հասրաթյան. Խորհուրդ ադրբեջանական գեներալիտետին՝ հաղթանակի մասին խոսում են միմիայն այն տոնելուց հետո
«Ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական կողմը նախընտրում է ոչ թե դատարկության մեջ բարձրագոչել, այլ սեփական հնարավորությունները նպատակային օգտագործելով ամրապնդել իր պաշտպանողականությունը, և անհրաժեշտության դեպքում հակառակորդին ցույց տալ, թե ինչ է նշանակում իրական մարտունակություն և ինչ կարող է լինել հավանական պատերազմի դեպքում»,- մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի հարցազրույցում տեղ գտած հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ «1նյուզ»-ին տված հարցազրույցում Է. Սաբիրօղլուն հայտարարել է, որ ադրբեջանական բանակը պատրաստ է անհրաժեշտության դեպքում «օկուպացված տարածքները «մաքրել» հայ ագրեսորներից»:
«Մեր խնդիրը հայրենիքը պաշտպանելն է, այլ ոչ թե դատարկ քարոզչությամբ սեփական հանրությանը կերակրելը:
Արցախի բանակի հրամանատարությունն ասել է ու ասում է՝ պատերազմը ոչ թե քարոզչություն այլ ժամանակակից ռազմավարական և մարտավարական գործողություններ իրականացնելու լուրջ համալիր է, որի վերջնական արդյունքը երևում է մարտադաշտում»,- ասաց Ս. Հասրաթյանը:
Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյայի հնչեցրած այն մտքին, թե իրենք ոչ ոքից և ոչինչից չեն վախենում, Ս. Հասրաթյանը նշեց. «Նա ով չի վախենում ոչինչից և ոչ ոքից, այդքան շատ հրապարակավ դրա մասին չի ակնարկում»:
Ըստ բանախոսի՝ իրեն հարգող զինվորականը, առավել ևս բանակի մամուլի խոսնակը «մինչև ցատկելը հոպ չի ասում», մանավանդ, երբ խոսքը գնում է ռազմական առճակատման մասին:
«Խորհուրդ Սաբիրօղլուին և ադրբեջանական բանակի գեներալներին՝ հաղթանակի մասին խոսում են միմիայն այն տոնելուց հետո»,- եզրափակեց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան