ԱՄՆ-ն «անթույլատրելի» է համարում Օրմուզի նեղուցի փակման վերաբերյալ իրանական սպառնալիքները
Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել է, թե թույլ չի տա Օրմուզի նեղուցում նավերի անխոչընդոտ տեղաշարժի նկատմամբ որևէ արգելք: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, նավատորմի ղեկավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, թե «Օրմուզի նեղուցով ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժը կենսական նշանակություն ունի տարածաշրջանային և համաշխարհային բարեկեցության համար»:
«Ցանկացած կողմ, որը կխոչընդոտի միջազգային ջրերում ազատ նավարկությանը հակադրում է իրեն միջազգային իրավունքին: Խոչընդոտել նավարկությանն անընդունելի է»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ, Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին սպառնացել էր, եթե Արևմուտքը արգելքներ սահմանի իրանական նավթի արտահանման վրա, ապա Իսլամական հանրապետությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Օրմուզի նեղուցով ազատ նավարակությունների նկատմամբ: Լրատվամիջոցների տեղեկացմամբ, Օրմուզի նեղուցով է անցնում աշխարհի նավթատար նավերի մոտ մեկ երրորդը: Երեկ արդեն միջազգային բորսաներում արձանագրվել էր նավթամթերքի երկու տոկոսանոց աճ:
Նշենք, իրանական կողմի սպառնալիքներին նախօրեին անդրադարձել է Պենտոգոնը, որտեղ նշել են, թե Թեհրանի նման քայլն «անարդյունավետ» և «անթույլատրելի» է: