Իրանական կայք. Ադրբեջանը Կովկասի հակաիրանական դավադրությունների սատանայական կենտրոնն է
«Ադրբեջանը Կովկասի հակաիրանական դավադրությունների սատանայական կենտրոնն է»:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Հոդվածագիրը, անդրադառնալով Ադրբեջանում ծավալավող հակաիրանական գործողություններին, մասնավորապես, գրում է. «Ադրբեջանի կառավարության կապն ահաբեկչական «Փեժակ», «Մոնաֆեղին» և «ՊԿԿ» խմբավորումների հետ, ինչպես նաև նրա համագործակցությունը «Մոսսադի» և «ԿՀՎ»-ի հետ, որոնց ձեռքերը շաղաղված են իրանցի գիտնականների արյամբ, Ադրբեջանը վերածել են Կովկասի դավադրությունների սատանայական կենտրոնի»:
Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոսթաֆա Քավաքեբիանը, անդրադառնալով «Մոնաֆեղին» և «Փեժակ» խմբավորումների` Ադրբեջանում հաստատվելու փաստին, հայտարարել էր. «Իրանի Մեջլիսը պետք է պաշտոնապես իր դիրքորոշումը ներկայացնի և իր բողոքը հայտնի Ադրբեջանին, որը հարթակ է տրամադրում հակաիրանական քայքայիչ գործունեությամբ զբաղվող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին»:
Հավելենք, որ ԻԻՀ ԱԳ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, ավելի վաղ անդրադառնալով Ադրբեջանում «Մոնաֆեղին» խմբավորման գործունեությանը, հայտարարել էր. « «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպության քայլերն այնքան անմարդկային են, որ ոչ մի երկիր չի կարող նրանց պաշտպանել: Հուսով եմ, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործողությունների հետևանքով 12 000 իրանցի է զոհվել, Ադրբեջանում կդադարեցնի իր գործունեությունը: