Սիրունյան. Իմ որոշումը միանշանակ է, քանի որ այս երկրում Գագիկ Ջհանգիրյանն է որոշում, ով է քաղբանտարկյալ, ով` չէ
«Գագոյի հայտարարությունը ֆալս է, որն ընդամենը փորձում է իմ քաղաքական հայտարարությունը վերածել կենցաղային բնույթի հայտարարության»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի այսօրվա հայտարարությանը, ասաց Սուրեն Սիրունյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում նախկին զինդատախազ Գ. Ջհանգիրյանը, անդրադառնալով Ս. Սիրունյանի ՄԻԵԴ ուղարկած գանգատը հետ վերցնելու մտադրությանը, ասել էր . «Ճուտը կդադարի քաղբանտարկյալ համարվել, մնացած բարոյական խնդիրներին չեմ անդրադառնում»:
Ս. Սիրունյանը նշեց, որ Եվրադատարանից իր գանգատը հետ վերցնելու որոշումը միանշանակ է, իր կողմից արված հայտարարությունը` քաղաքական, իսկ Ջհանգիրյանի ասածները նա որակեց որպես կենցաղային հայտարարություն:
«Գագոյի ասածից ինձ համար հասկանալի է դառնում, որ այն դատապարտյալները, որոնք մարտի մեկից հետո չեն դիմել Եվրադատարան, ընդհանրապես մարտի մեկի հետ կապ չունեն: Ու քաղբանտարկյալ լինելը ինձ համար մեծ պատիվ չէ, որ ես իմ երկրի մեջ լինեմ քաղբանտարկյալ: Ես ուրախ եմ, որ այլևս քաղբանտարկյալ չեմ»,-ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ջհանգիրյանի ասելով են լինում կամ չեն լինում քաղբանտարկյալ, ինչին ի պատասխան Սիրունյանը հայտարարեց. «Փաստորեն դուրս է գալիս, որ Ջհանգիրյան Գագիկն է որոշում, թե այս երկրում ով է քաղբանտարկյալ լինում, ով` չէ, ինչպես առաջ որոշում էր, թե բանակում, որ սպանությունն էր ինքնասպանություն կամ սպանություն: ՄԻԵԴ-ից գանգատը հետ վերցնելու իմ որոշումը միանշանակ է, քանի որ այս երկրում Գագիկ Ջհանգիրյանն է որոշում, ով է քաղբանտարկյալ, ով` չէ»:
Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի հայտարարության այն հատվածին, թե. «Սուրեն Սիրունյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված իր եվրոպական բողոքի վճարումներից բացարձակ անտեղյակ է», Սիրունյանը հակադարձեց, որ բոլոր այդ ծախսերը հոգացել է Հայ ազգային կոնգրեսը:
«Եվ ես երբևիցե չեմ հայտարարել, որ որևիցե փաստաբանի գումար եմ տվել: Ես երբևիցե չեմ էլ հայտարարել, որ որևիցե փաստաբան որևէ գումարային պրոբլեմ է ունեցել: Եթե ապացուցեն, որ ես նման բան եմ ասել, ես ներողություն կխնդրեմ: Ես ոչ մեկին նման բան չեմ ասել, նման տեղեկություն էլ չունեմ», -ասաց նա:
Սիրունյանը նաև մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս իր փաստաբան Վարդուհի Էլբակյանը Հայաստանում չէ, նրա հետ կապ չի հաստատել. «Ճիշտն ասած նրա համարը չունեմ, նրա երևանյան հեռախոսահամարին անընդհատ զանգահարում եմ, դեռ Հայաստանում չէ: Երբ գա, անպայման կհանդիպեմ, նրան էլ տեղյակ կպահեմ: Այս պահին ես աշխատում եմ այլ փաստաբանների հետ, որոնց հետ ես զբաղվում եմ գանգատը հետ վերցնելու հարցով»:
Նախորդող հրապարակում`
Սիրունյան. Վանո Սիրադեղյանի հետ չեմ խորհրդակցել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում