Ա.Իսկանդարյան. «Սարկոզին կվավերցնի ու թուրքերը սա էլ կուլ կտան»
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կասկածում, որ ֆրանսիական Սենատի ընդունած օրինագիծը կվավերացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Այս մասին նա հայտարարեց Ցեղասպանությունը ժխտող օրինագծի ընդունման քննարկմանը նվիրված Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ.
«Այնպես որ` կարող ենք օրինագծի մասին խոսել այնպես, ինչպես խոսում ենք ընդունված օրենքի մասին»,- նշեց նա:
Օրինագծի ընդունումը ոչ միայն մեծ նշանակություն ունի ողջ հայության համար, առավել ևս, որ երեք տարուց կլրանա Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այլև տարածաշրջանի մաշտաբով` Թուրքիայի ու Ադրբեջանի, իսկ հետո նաև Եվրոպայի համար.
«Քաղաքական այս որոշումը իր նշանակությամբ դուրս է եկել Ֆրանսիայի սահմաններից: Ավելի քան հստակ է` Ցեղասպանության ճանաչման գնացքը շարժվել է և կանգնեցնել այն այլևս հնարավոր չէ, ու այսուհետ մենք ականատեսը կլինենք ճանաչման տարատեսակ դրսևորումներին»,- հայտարարեց Ա.Իսկանդարյանը:
Այն, ինչ տեղի ունեցավ, նկատեց քաղաքագետը, ժամանակի ընթացքում իհարկե կկորցնի իր սրությունը, որ առկա է այսօր, բայց միանշանակ է, որ կատարվածը փոխեց Թուրքիայի նկատմամբ հատկապես Եվրոպայի վերաբերմունքը, ու սա այլևս այդպես էլ կմնա:
Ինչ վերաբերում է օրինագծի ընդունմանը, ապա քաղաքագետը, ինչպես և շատերը, այն կարծիքին է, որ նման որոշման կայացմանը մեծապես նպաստել է հենց Թուրքիայի հիստերիկ պահվածքը: Իսկ այն, որ Թուրքիան կխզի իր կապերը Ֆրանսիայի հետ, ՆԱՏՕ-ի շրջանակում չեն համագործակցի, իսկ Էրդողանն էլ չի մեկնի Փարիզ կամ Ստրասբուրգ Ա.Իսկանդարյանը լուրջ չի համարում.
«Այս բոլոր հայտարարությունները ունեն զգացմունքային ենթատեքստ ու բացատրվում են էմոցիաներով: Եվ թուրքերը այս ամենը ևս կուլ կտան, ի՞նչ պիտի անեն, որ կուլ չտան, ինչպես ժամանակին են շատ բաներ կուլ տվել»,- նշեց նա ու ավելացրեց, որ այս ամենը նույնքան անլուրջ է, որքան Ադրբեջանի բոյկոտը` Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացված լինելու դեմ.
«Սա էլ կանցնի. մտնենք մարդկանց դրության մեջ ու հասկանանք, որքան ծանր են նրանք այս ամենը տանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում