Սամվել Աբովյանը` ՀԱԿ-ին. «Դուք նախկին քաղբանտարկյալներին վարկաբեկելու իրավունք չունեք»
ՀՀՇ նախկին անդամ, իրեն «նախկին քաղբանտարկյալ» համարող Սամվել Աբովյանն այսօր Հայ ազգային կոնգրեսին ուղղված բաց նամակ է հրապարակել: Խմբագրությունը էլեկտտրոնային փոստով ստացած նամակը հրապարակում է ամբողջությամբ. «Արդեն մեկ ամիս է հետևում եմ հայկական լրատվամիջոցներին և մի եզրահանգման եմ եկել` Հայ ազգային կոնգրեսն այլևս սպառելով իրեն, անցել է յուրայինների ռմբահարելու գործընթացին` առաջնորդվելով մաֆիայի օրենքներով` մտել ես մեր կազմի մեջ, ուրեմն դուրս գալու հնարավորություն չունես, իսկ թե դուրս եկար` դավաճան ես: Եւ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում տարբեր կառույցների են անդամագրված եղել ու հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք դաշտից դաշտ փոխելով «մաքուր» մնացին:
Ի՞նչ է, մարդն իրավունք չունի վերանայելու իր անցյալը, իրավունք չունի՞ եզրահանգումներ անել իր շուրջը կատարվող իրադարձություններից: Մի՞թե մեր պայքարն ավարտվեց, ավելի ճիշտ` ողբերգական վախճան ունեցավ: Մենք` 88-ին պայքարի ելածներս, չէինք պատկերացնում նման ավարտ: Մենք դարձանք քաղբանտարկյալներ` մեր ցանկությամբ, այլ ոչ թե որոշ մարդկանց որոշմամբ, որոնք էլ այսօր թույլ են տալիս իրենց գնահատել, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ և ով` ոչ:
Ես` որպես նախկին քաղբանտարկյալ լավ եմ ճանաչում մյուս նախկին քաղբանտարկյալներին: Եւ Դուք իրավունք չունեք Սուրիկի դեմ ուղղել Ձեր ծանր հրետանին, Դուք ինքներդ միշտ երազել եք ունենալ Ձեր կողքին Սուրիկի նման հավատարիմ ընկեր: Այն, ինչ Սուրիկն է արել շարժման համար, չի արել որևէ մեկը ձեզանից, իսկ Դուք միայն ապշած դիտորդի դերում էիք` թե ազատության մեջ, թե «Վարդաշեն» քրեակատարողականում: Գոնե ես այդ ամենի մասին լավ գիտեմ: Դուք նախկին քաղբանտարկյալներին վարկաբեկելու իրավունք չունեք: Ես ինքս էլ չեմ դիմել Եվրադատարան, ի՞նչ է, ես դադարում եմ նախկին քաղբանտարկյալ լինելուց:
Մի՞թե սա է Ձեր «պայքար, պայքար մինչև վերջը», բայց չէ՞ որ մենք հավատում էինք դրան: Իսկ Դուք այդ ամենից հետո նստեցիք բանակցությունների այս իշխանությունների հետ: Դուք չէի՞ք ասում` ոչ մի բանակցություն այս իշխանությունների հետ, Դուք չէի՞ք ասում` գնալու ենք մինչև վերջ: Բա ի՞նչ եղավ Ձեզ հետ: Թե՞ բանակցությունների ժամանակ «քցեցին» Ձեզ, հուսախաբ արեցին: Հերի'ք է, պետք չէ ժողովրդի անունից անձնական հարցեր լուծել, իսկ չստացվելու դեպքում մեղավորներ փնտրել ի դեմս Սուրիկի: Հերիք է պարոնայք, հերիք է հանուն Ձեր անձնական շահերի կեղտոտ քայլերի գնալ: Անցե'ք Ձեր բուն գործին` առջևում ընտրություններ են: Թերևս այդքան մաքուր անցյալ էլ չունեք, սակայն դեռևս ուշ չէ սթափվելու համար: Սթափվե'ք, և թացը չորից տարբերե'ք:
Այսքանով առայժմ ուզում եմ ավարտել, բայց եթե կուզեք այս ամենի շարունակություն, եթե կուզեք էլ ավելին խոսեմ, կխոսեմ, բայց խորհուրդ չեմ տա Ձեզ նման ցանկություն դրսևորել: Սթափվե'ք...»:
Նախորդող հրապարակում`
Սիրունյան. Իմ որոշումը միանշանակ է, քանի որ այս երկրում Գագիկ Ջհանգիրյանն է որոշում, ով է քաղբանտարկյալ, ով` չէ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում