ՆԱՏՕ-ն հետ է կանչում իր անձնակազմը Աֆղանստանի նախարարություններից
Հյուսիս-ատլանտյան դաշինքի հրամանատարությունը որոշում է կայացրել հետ կանչել Աֆղանստանից իր անձնակազմը, որը խորհրդատվական ծառայություններ է իրականացրել երկրի տարբեր նախարարություններում: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) հրամանատար գեներալ Ջոն Ալենը:
Վերջինիս խոսքերով, նման որոշում է կայացվել շաբաթ օրը Աֆղանստանի ՆԳ նախարարությունում երկու ամերիկացի ռազմական խորհրդականների սպանությունից հետո: Ջոն Ալենի խոսքերով, հետկանչի մասին որոշումը հիմնավորված է դաշինքի անձնակազմի «անվտանգությանը սպառնացող ակնհայտ պատճառներով»:
Ավելի վաղ Աֆղանստանից որպես բողոքի նշան իր ռազմական փորձագետներին, ընդհանուր առմամբ 50 մասնագետի, հետ էր կանչել Գերմանիան:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն, իր հերթին, հայտարարություն էր տարածել, որտեղ դատապարտել էր ամերիկացի զինծառայողների սպանությունը և հետ կանչել գերատեսչություններում ծառայութուն իրականացնող բոլոր մասնագետներին:
Հիշեցնենք, Աֆղանստանում հակաամերիկյան ցույցերը շարունակվում են արդեն մեկ շաբաթ: Ցուցարարները, որոնց աջակցություն է հայտնել նաև ահաբեկչական «Թալիբան» շարժումը լայնորեն դատապարտել են ամերիկացի զինծառայողների կողմից ռազմական բազայում ղուրանի նմուշների այրման փորձը: Միջադեպն արձանագրվել էր նախորդ երկուշաբթի: Դրանից հետո սկիզբ առած անկարգություններին զոհ էին դարձել 20 մարդ: Տարբեր օրերի բազմությունը շրջափակել էր ԱՄՆ-ի դեսպանատունը, ՄԱԿ-ի շինությունների համալիրն ու դաշինքի ռազմաբազաները: Ցույցերը զուգորդվել էին մի շարք ահաբեկչական գործողություններով:
Երեկ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հանդես է եկել ազգաբնակչությանն ուղղված կոչով, որում հորդորել է հանգստություն պահպանել և հանդուրժողականություն դրսևորել: