Խաչատուր Սուքիասյանը առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է թիվ 10 ԸԸՀ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը այսօր թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը:
«Խաչատուր Սուքիասյանը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի 115 հոդվածով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը», -փոխանցեց մեր զրուցակիցը:
Երբ հետաքրքրվեցինք` արդյոք ներկայացվե՞լ է նաև վերջին հինգ տարիներին Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքը, Յազրյանն ասաց, որ Սուքիասյանը ներկայացրել է օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածը սահմանում է ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը և մատնանշում առաջադրվելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց թվում կա նաև տեղեկանք թեկնածուի` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում ՀՀ-ում բնակվելու մասին (115-րդ հոդված 2-րդ մաս, 3-րդ կետ):