ՀՀԿ-ն չկարողացավ ապահովել քվեարկության ցանկալի արդյունքն ու հետաձգեց այն
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վերցրած 20 րոպե ընդմիջումից հետո Ազգային Ժողովը շարունակեց քվեարկությունները: Սակայն սպասվածին հակառակ ԱԺ նախագահությունը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության չդրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը բոլոր մյուս հարցերը դրեց քվեարկության, բայց երբ հերթը հասավ հիշյալ օրինագծին` հայտարարեց, որ այդ պահին քվեարկություններն ավարտվեցին և հետո եթե անհրաժեշտություն լինի, ապա քվեարկություն կկազմակերպվի:
Ընդդիմությունը ՀՀԿ-ն նման վարքագիծը բացատրեց այն հանգամանքով, որ կոալիցիոն գործընկերներ «Օրինաց երկիր» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մեծամասնությունն ուղղակի բացակայում է ու այս դեպքում ՀՀԿ-ին միայնակ դժվար կլիներ անցկացնել վիճահարույց օրենքը:
Ավելին` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքում հայտարարեց, որ խորհրդարանականներն էլ կարծես հասկանում են, որ օրինագիծը ոչ միայն հասարակության, այլև հենց իրենց համար ընդունելի չէ, այդ իսկ պատճառով էլ որոշվեց այն չդնել քվեարկության. «Պարզ է չէ հիմա, որ դա լավ օրենք չի, ինչո՞ւ եք ուզում անպայման դնել քվեարկության, թող հետ տանեն, ի՞նչ եք անում»,- կիսավրդովված հայտարարեց նա:
Վ.Հովհաննիսյանի այս հորդորին միացան նաև «Ժառանգության» անդամները` ամենքն իր մասով ներկայացնելով առարկությունները, որոնց միակ իմաստն այն է, որ օրենքը լավը չէ ու ընդունելի չէ հատկապես հասարակության կողմից: Բայց. «Նախագահության խնդիրն է հարցերի հաջորդականությունը սահմանել ու քվեարկության դնել այն պահին, երբ նպատակահարմար է գտնում»,- արձագանքեց Ս.Նիկոյանն ու այսքանով հարցը առայժմ փակվեց:
Վ.Հովհաննիսյանն էլ անմիջապես լքեց նիստերի դահլիճը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ.Սահակյանն էլ շտապեց իր աշխատասենյակ և քիչ անց նրան միացավ նաև ԱԺ նախագահ Նիկոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները