Սեուլում ՀՀ նախագահը կարևորել է էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը
Ելույթ ունենալով Սեուլում անցկացվող Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաև միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ՀՀ նախագահը ոչ պակաս կարևոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը:
Դրա հետևանքները, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից և ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել:
«Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը ելույթի ավարտին վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը միջուկային նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև մեր երկրի վճռականությունը աջակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին:
Նախորդող հրապարակումներ`
Ադրբեջանի նախագահի՝ հայկական ատոմակայանի մասին հնչեցրած ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում. Սերժ Սարգսյան
Հայաստանի ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացումը կառավարության առաջնային խնդիրներից է. Սերժ Սարգսյան
Սեուլում մեկնարկել է միջուկային անվտանգության գագաթաժողովը