«Գոնե մինչ այս պահը տպավորություն է, թե ադրբեջանական պատվիրակությունը որոշել է զերծ մնալ իր զոմբիական քարոզչությունից»
Մինչ այս պահը Բաքվում ամեն ինչ նորմալ է և հայկական պատվիրակությունը ոչ մի տհաճ միջադեպերի մեջ չի ընկել: Այս մասին Panorama.am-ին Բաքվից հաղորդեց «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, հայկական պատվիրակությունը Բաքու է մեկնել նախօրեին, Մոսկվայից:
Ավելի վաղ Panorama.am-ն արդեն գրել էր, որ հայկական պատվիրակությանը դիմավորելու և ուղեկցելու համար ավնտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել: Տիկին Զոհրաբյանն իր հերթին ևս հաստատեց դա.
«Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները դեռ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մեզ դիմավորեցին ու մեզ հետ նստեցին ինքնաթիռ` հավանաբար խուսափելով ինքնաթիռում հնարավոր միջադեպերից: Նույն աննախադեպ միջոցառումները հանդիպեցինք նաև Բաքվում, հայկական պատվիրակությանն անընդհատ ուղեկցում են անվտանգության աշխատակիցները»,- նշեց նա:
Մեր զրուցակցի խոսքով, հայկական պատվիրակությունը տեղավորվել է հյուրանոցի մի ամբողջ հարկում, որի մուտքերը երկու կողմից շուրջօրյա հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից. «Մի խոսքով` անվտանգությունն ամենաբարձր մակարդակով երաշխավորված է, ինչը բացատրվում է նրանով, որ իրենց ժողովրդի շրջանում իրենց իսկ սերմանած ատելության քարոզից են թերևս վախենում: Ավելին ասեմ` Ազգային հեռուստաընկերությունն ընդամենը մեկ օր դիտելը բավարար էր տեսնելու, թե ինչպես է հետևողականորեն օրը մի քանի ժամ տրամադրվում հակահայ, խայտառակ քարոզչություն տանելու համար, որը հիմնված է բացառապես փաստերի խեղաթյուրման, ստի ու կեղծիքի վրա»,- ձեռնարկված միջոցառումների ու ընդհանուր մթնոլորտի մասով տեղեկացրեց Ն.Զոհրաբյանը` հավելելով, որ նման ագիտացիայով սնվող հասարակությունից սպասելի է հակահայ տրամադրություններ ունենալը և Ադրբեջանի իշխանությունները դա շատ լավ հասկանում են:
Ինչ վերաբերում է բուն նիստին, որը մեկնարկել է այսօր առավոտյան, ապա այսօրվա օրը նվիրված է հանձնաժողովների նիստերին: Քիչ առաջ ավարտվել են տնտեսական և էներգետիկ հանձնաժողովների նիստերը և Ն.Զոհրաբյանի փոխանցմամբ` մինչ այս պահը ադրբեջանական պատվիրակությունն իրեն կոռեկտ է պահել. «Ելույթ են ունեցել մի քանի նախարարներ, իսկ քիչ անց քաղաքական հանձնաժողովի նիստում, որտեղ փոխնախագահն եմ, սպասվում է Մամեդյարովի ելույթը, բայց շեշտեմ, որ գոնե մինչ այս պահը տպավորությունն այնպիսին է, թե ադրբեջանական պատվիրակությունը որոշել է զերծ մնալ իր զոմբիական քարոզչական ծրագրի թմբկահարումից` «20 տոկոս գրավյալ տարածքների» և այլ անհեթեթությունների մասին խոսելուց»,- նշեց նա ու ևս մեկ անգամ ընդգծեց` գոնե մինչ այս պահը տպավորությունն այդպիսին է:
Հայկական պատվիրակությունը շատ ակտիվ մասնակցում է բոլոր հանձնաժողովների նիստերին և բոլոր այն առաջարկները, որ ՀՀ ԱԺ պատգամավորները տնտեսական և էներգետիկ հանձնաժողովների նիստերում այսօր արդեն հասցրել են ներկայացնել` Ն.Զոհրաբյանի հաղորդմամբ, անցել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա