Ն. Զոհրաբյան. Ալիևի ելույթը գնահատվել է որպես կոռեկտության բոլոր սահմանները խախտող ելույթ
«Մեկնարկում է Եվրանեսթի 2-րդ լիագումար նիստի հիմնական մասը և հայկական պատվիրակությունը անհրաժեշտ պատասխանով հանդես կգա: Մենք արդեն պատրաստվում ենք բաց նամակ ուղարկել Եվրանեստի բոլոր ներկայացուցիչներին և նաև բանավոր հայտարարությամբ հանդես կգանք` արտահայտելով մեր բողոքը այդ երկրի նախագահի հչեցրած ուղղակի ոչ կոռեկտ ելույթի վերաբերյալ»,- այսօր անդրադառնալով Բաքվում ընթացող Եվրանեսթի 2-րդ լիագումար նիստին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ Եվրանեսթի լիագումար նիստի բացման խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հնչեցրել մի շարք կոշտ արտահայտություններ:
Ն. Զոհրաբյանը մանրամասնեց, որ «Այդ բաց նամակում հղում է արված, թե ինչու է ժամանակին հայկական կողմը բաց նամակով դիմել Եվրանեսթի ղեկավարությանը, երբ որոշվեց, որ երկրորդ լիագումար նիստը պետք է անցկացվի Բաքվում: Մենք հիմնավորել էինք, թե ինչ է սպասվում, եթե այս նիստ տեղի ունենա Բաքվում և փաստերով հիմնավորել էինք, որ ուղղակիորեն նպատակահարմար չէ: Այսօրվա ելույթը հենց հայկական կողմի պնդման ապացույցն էր»:
«Եվ մենք կոչ ենք անում Եվրանեստի ղեկավարությանը` շատ հետևողական լինել ընդհանրապես Եվրանեստի թե լիագումար, թե հանձնաժողովների նիստերն անցկացնելու վայրերի ընտրության հարցում և ընդհանրապես թույլ չտալ ելույթ ունենալ այնպիսի գործիչների, որոնք ուղղակիորեն բռնություն և ատելություն են քարոզում»,- հավելեց Եվրանեսթի ԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը:
Այնուհետև անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ելույթին, Ն. Զոհրաբյանն ասաց. «Ադրբեջանի նախագահի ելույթը ոչ միայն մենք, այլև եվրոպացի մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը գնահատեց որպես կոռեկտության բոլոր սահմանները խախտող ելույթ: Ադրբեջանի նախագահը Եվրանեստի ամբիոնից իր ելույթի մի մեծ հատված նվիրելով Լեռնային Ղարաբաղին, ուղղակիորեն հանդես եկավ ոչ կոռեկտ ձևակերպումներով` «20 տոկոս գրավյալ տարածք», «էթնիկ զտումներ», «մեկ միլիոն փախստականներ» մշտական տեքստը կրկնելուց բացի նա հնչեցրեց նաև կոնկրետ վիրավորանքներ ` հայկական կողմին անվանելով «ֆաշիստներ», «իրենց պապերի գերեզմանները պղծողներ»: Սա հայկական կողմը գնահատում է անթույլատրելի»:
Բանախոսը նշեց, որ ոչ պաշտոնական զրույցներում Եվրոպայի ներկայացուցիչները Իլհամ Ալիևի ելույթից հետո առանձնազրույցներում ասել են, որ նման հռետորաբանությամբ ելույթը իրապես անընդունելի է և անթույլատրելի:
Խոսելով եվրոպացի գործընկերների կողմից պաշտոնական արձագանքի վերաբերյալ, պատգամավորը քիչ հավանական համարեց այն, ասելով. «Մենք բազմիցս ականատես ենք եղել եվրոպական կառույցների կողմից երկակի ստանդարտների կիրառման դիվանագիտական լղոզվածությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա