Թուրքիայում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեյնփուր Դաշթեգոլին կանչվել է արտաքին գործերի նախարարություն:
Այդ մասին հաղորդում է իրանական «խաբարօնլայն.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որպեսզի Ստամբուլի կոնֆերանսի վերաբերյալ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունների առթիվ պարզաբանումներ տա:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ` Դավութօղլուն չի նշել, թե Անկարայի բողոքն իրանցի որ պաշտոնյայի հայտարարությանն է առնչվում:
Հիշեցնենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, օրերս անդրադառնալով Սիրիայի հարցով գումարված Ստամբուլի կոնֆերանսին, նշել էր, որ կոնֆերանսի մասնակից երկրների նպատակը տարածաշրջանում կրոնական պատերազմ առաջացնելն է: