Կարապետյանը Ֆարմանյանին հրավիրում է բանավեճի
Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Երևանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նույն ընտրատարածքում իր միակ մրցակից Սամվել Ֆարմանյանին բանավեճի հրապարակային հրավեր կատարեց: «Օգտվելով առիթից ես հրավիրում եմ իմ մրցակցին բանավեճի», -հայտարարեց նա:
Մեծամասնական ընտրակարգով իր առաջադրումը, ըստ թեկնածուի, պայմանավորված է ՀԱԿ-ի այն որոշմամբ, որ որքան հանրավոր է շատ ընտրատարածքներում առաջադրել թեկնածուներ, «ցույց տալու մեր վճռականությունը, ջարդելու ընտրակեղծիքի մեքենան»:
Իր առաջադրման մյուս դրդապատճառը, ըստ Կարապետյանի, պատգամավոր-բնակիչ հարաբերություններում «նոր մշակույթի» ներմուծումն է: «Ունենալու եմ հինգ տարվա ընթացքում մշտական գործող գրասենյակ, որոնց հետ փորձելու եմ մշտական կապ պաշտպանել, բարձրացնել նրանց հուզող հարցերը», -ծրագիրը ներկայացրեց Կարապետյանը:
Լրագրողը նկատեց, որ այս օրերին Նոր Նորքի զանգվածը ողողված է նրա միակ մրցակից Ֆարմանյանի պաստառներով ու հայտնի է, որ նրան այս ընտրատարածքում անձամբ սատարելու մասին է հայտարարել ՀՀԿ մեկ այլ թեկնածու Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց) և նրա օգտին գործի է դրվում վարչական ռեսուրսը, այնուհետև հետաքրքրվեց` այս պարագայում ինչպե՞ս է պայքարելու Կարապետյանը: «Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ իր ընտրատարածքում (Ավան): Իմ մրցակիցը վարչակազմն է ու Հանրապետական կուսակցությունը: Մենք պայքարելու ենք, որպեսզի շահենք ժողովրդի վստահությունը», -նշեց նա:
Նա հերքեց տարածված կարծիքը, թե թիվ 2 ընտրատարածքում ստեղծված են բոլոր պայմանները արդար ընտրություններ անցկացնելու համար: «Այն, ինչ կատարվում է մեր ընտրատարածքում, խոսում է հակառակի մասին` մրցակիցս ամբողջապես օգտագործում է վարչական ռեսուրսը, հանդիպումներ է ունենում վարչական շրջանի ղեկավարի հետ: Ավելին, «Հայլուր»-ի նկարահանող խումբը հարցազրույց վերցրեց ինձանից, բայց եթեր չգնաց իմ խոսքը: Այնպես որ հավասարության մասին խոսելը անիմաստ է, բայց դա ինձ չի վհատեցնում», -հավելեց Վլադիմիր Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը