«ՖԱՐՍ». Իրանական հետախուզությունն իսրայելական ահաբեկչական ցանց է բացահայտել
Իրանական հետախուզությունն իսրայելական ահաբեկչական ցանց է բացահայտել:
Այդ մասին հայտարարությամբ, ըստ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության, հանդես եկել Իրանի հետախուզության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի սահմանային և կենտրոնական նահանգներում անվտանգության ուժերի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է իսրայելական ահաբեկչական խմբավորում, որի մեջ ներգրավված են եղել տարածաշրջանային երկրներից մեկում գործող վերոնշյալ խմբավորման շտաբի որոշ անդամներ:
Հիշեցնենք, որ վերջրես Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Ադրբեջանում ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:
Թեմայի առնչությամբ իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը գրել էր, որ Ադրբեջանի տարածքն Իսրայելի արտաքին հետախուզության (Մոսսադի) գործակալների համար դրախտավայր է: Իսկ ահա «արաննյուզ.իռ» կայքի գնահատմամբ` Ադրբեջանը վերածվել է Կովկասի դավադրությունների սատանայական կենտրոնի: