Գ.Ծառուկյան. ««Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ պահանջներ ներկայացնի»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրը բավականին հագեցած էր. մեկ օրում երկու մարզ` Արմավիր ու Արագածոտն, և հինգ համայնքների` (Էջմիածին, Արտենի, Արագածավան, Արմավիր, Մեծամոր) բնակիչների հետ հանդիպում: Ընդ որում Գ.Ծառուկյանը ոչ միայն ամեն համայնքում կոնկրետ այդ տարածքի խնդիրներին էր անդրադառնում ու ամենուրեք անձամբ զրուցում քաղաքացիների հետ, այլև հասցնում պատասխանել նաև լրագրողների հարցերին:
Այդպես, Արմավիր մարզի Արտենի համայնքում Գ.Ծառուկյանը տեղեկացրեց, որ 25 տրակտոր է տրամադրելու Արմավիրին, համայնքները ութ տարով առանց տոկոսադրույքի դրանք ձեռք կբերեն, կաշխատեն հօգուտ իրենց համայնքի ու պետության, իսկ նշված ժամանակահատվածից հետո այդ տրակտորը կդառնա արդեն համայնքի սեփականությունը:
Խոսք գնաց նաև կարկտակայանի անհրաժեշտության մասին` գյուղացիները հարցը բարձրացրեցին: ԲՀԿ նախագահը հանձնարարեց մարզից ընտրված պատգամավոր Ռուստամ Գասպարյանին ծանոթանալ խնդրին ու առաջիկ 15 օրերին հնարավոր լուծում գտնել, քանի որ ինքը պատրաստ է աջակցելու և կարկտակայանի հարցը լուծելու:
Իսկ Արագածոտն մարզի Արագածավան համայնքում, որտեղ Գ.Ծառուկյանին դիմավորեցին ոչ միայն աղուհացով, այլև գառ մատաղ անելով` կուսակցապետը նշեց, որ տեղյակ է` համայնքի հիմնական խնդիրը ջրամատակարարման հետ է կապված, անգամ ոռոգման ջուրն է այստեղ խնդիր հանդիսանում: Նշեց, որ իրենք նախընտրական ծրագրում բոլոր այդ հարցերի լուծումները ներկայացված են ի համադրումն պետական բյուջեի, այսինքն ծրագիրը իրատեսական է ու մեր բյուջեի հնարավորությունների սահմաններում: Բայց.
«Դա չի նշանակում, որ մենք չպետք է ձգտենք բյուջեն ավելացնելու ու դրանով իսկ երկրում լուծել աշխատատեղերի խնդիրը, արտագաղթի խնդիրը ու արժանավայել ապրելու հարցը»,- հայտարարեց նա:
Արմավիր քաղաքում էլ Գ.Ծառուկյանին դիմավորեցին մանկական գունեղ բեմականացմամբ` երեխաները ներկայացրեցին բոլոր այն պետությունների ազգային պարերը, որոնց հետ «Բարգավաճ Հայաստանը» համագործակցում է` Իսրայել, Չինաստան, Իսպանիա, Բելառուս և այլն: Դրանից հետո միայն Գ.Ծառուկյանը բեմահարթակից հորդորեց արմավիրցիներին հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին ու անպայման մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, քանզի դրանցից է կախված ապագա հինգ տարիների բոլորիս կյանքը:
Ինչ վերաբերում է լրագրողների հետ հարցուպատասխանին, ապա ԲՀԿ առաջնորդը, նախ, բոլոր այն հարցերին, որոնք ուղղված էին հասկանալու, թե որքանո՞վ է անձամբ ինքը` ԲՀԿ նախագահը գնահատում իր կուսակցության շանսերը, արձագանքում էր.
«Այդ հարցին միայն ժողովուրդը կարող է պատասխանել, ժողովրդին հարցրեք թող ասի` ո՞վ է աշխատել այս տարիներին, ով ի՞նչ է արել»:
Ներքաղաքական հարցերին անդրադառնալով, մասնավորապես «լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է ինքը մեկնաբանում «Ժառանգության» պահանջը, որպեսզի միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ստորագրությունը դրվի անպայման կուսակցության ղեկավարների մակարդակով, Գ.Ծառուկյանը նախ նշեց, թե «Ժառանգությունը» շատ է փոքր է, որ պահանջի, իսկ այնուհետ ավելացրեց.
«Եթե համապատասխան խաղեր ունի, թող կատարի, բայց «Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ պահանջներ ներկայացնի»:
Նշենք, որ ամենուրեք Գ.Ծառուկյանին էին հանձնվում խնդրանքներով նամակներ:
ԲՀԿ առաջնորդի հաջորդ կանգառը Իջևան-Դիլիջան-Բերդն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները