Առուստամյան. «Սամվել Ալեքսանյանի հրոսակախումբը» պատգամավորության երեք թեկնածու է ծեծել
Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական քարոզչություն իրականացնելիս` պատգամավորության երեք թեկնածու է ծեծի ենթարկվել` Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Բաբկեն Գարոյանը և Զոյա Թադևոսյանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը:
«Մենք գնացել էինք Նիկոլ Փաշինյանին օգնելու, որ քարոզչական նյութեր տարածենք: Սվաջյան 44 շենքի մուտք նոր էինք մտել, երբ մեզ վրա հարձակվեցին մի 12-15 երիտասարդներ, ավազակախումբ և գոռգռալով պահանջեցին դուրս գալ շենքից` նշելով, որ սա իրենց բակն է, իրենց շենքն է և իրենք իրենց ընտրությունն արդեն կատարել են ու ընտրելու են Հանրապետական կուսակցությանն ու ՀՀԿ թեկնածուին: Տիկին Թադևոսյանը փորձեց հանգստացնել նրանց` ասելով, որ մենք օրենքով սահմանված կարգով քարոզչություն ենք կատարում և քարոզչանյութեր տարածում: Մեր ձեռքից խլեցին քարոզչանյութերը և գցեցին գետնին: Շքամուտքի աստիճանների մոտ կանգնած` այդ ավազակների առաջնորդը սկսեց հարվածել ինձ, մյուս խումբը Բաբկեն Գարոյանին քաշեց ներքև, շուրջկալեց ու սկսեց ծեծել»,- պատմեց Գայանե Առուստամյանը:
Ծեծի հետևանքով, ըստ մեր զրուցակցի, կոտրվել է Բաբկեն Գարոյանի քիթը, և նրան «Շտապօգնության» միջոցով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Ես զանգեցի «Շտապօգնություն», այնուհետև ոստիկանություն, բայց մինչ ոստիկանները կգային, ըստ երևույթին, նրանք մեկ այլ խումբ էլ ունեին, եկան, դրանց տարան: Մինչև ոստիկանությունն եկավ, նրանք արդեն նահանջել էին դեպի Հանրապետական կուսակցության շտաբի կողմը»,- փոխանցեց Առուստամյանը և տեղեկացրեց, որ իրենք արդեն ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում տվել են:
Պատգամավորի թեկնածուի խոսքերով` կատարվածի հեղինակը «Սամվել Ալեքսնայանի հրոսակախումբն էր»: «Այդ հրոսակախումբը շրջում է ընտրատարածքում և խոչընդոտում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը», -հավելեց Գայանե Առուստամյանը:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին թույլ չեն տվել քարոզչություն իրականացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա