Փորձագետ. Համանախագահների հայտարարությունն ավելի սանձարձակ է դարձնում ագրեսորին
«Հերթական անգամ ականատեսը եղանք ոչինչ չասող, ինքնանպատակ հայտարարության, որն անկասկած չի կարող լիցքաթափել լարվածությունը ռազմաճակատում: Ավելին՝ նման հայտարարություններն ավելի սանձարձակ են դարձնում ագրեսորին: Ալիևյան վարչակազմի մոտ այս կերպ ավելի է ամրապնդվում այն համոզվածությունը, որ կարելի է անել այն ամենն ինչ արգելում է միջազգային մարդասիրական իրավունքը և մնալ անպատիժ»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նշենք, որ համանախագահների տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Համանախագահներն իրենց մտահոգություն են հայտնել շփման գծի երկայնքով վերջին միջադեպերի առնչությամբ և կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները ողջունում են կողմերի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամության վերահաստատումը»:
Նրա խոսքերով, տվյալ դեպքում գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այսպես կոչված, «պարիտետային» մոտեցում հանդես բերելու հետ, երբ փորձ է արվում կողմերից և ոչ մեկի մոտ չթողնել «կողմնակալ» լինելու տպավորություն:
«Իրականում գործ ունենք ռազմաճակատում իրադրության ապակայունացման պատասխանատվության համահարթեցման հետ: Սա մի մոտեցում է, որն օբյեկտիվ իրականությանը համարժեք չլինելու պատճառով վարկաբեկում է և՛ բանակցային գործընթացը, և՛ այդ գործընթացում միջնորդի դեր կատարող կառույցին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք, լինելով հակամարտության կողմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջում ենք կողմնապահություն հանդես բերել և «հայանպաստ» դիրքորոշում արտահայտել: Մինչդեռ այն, ինչ ակնկալում է մեր հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բնավ դա չէ: Մենք պահանջում ենք ռազմաճակատում տեղ գտած միջադեպերի օբյեկտիվ քննություն, կոնկրետ միջադեպի մեղավորի բացահայտում և վերջինիս հանդեպ հստակ վերաբերմունք, գնահատական: Ահա այս ամենը անելու համար հարկավոր է միայն քաղաքական կամք և ցանկություն»,- ասաց Դ. Ջամալյանը:
Վերջինս հարկ համարեց նշել, որ հայկական կողմն այս առումով մտահոգվելու պատճառ չունի: «Հայկական կողմը ադրբեջանական գյուղի մանկապարտեզի վրա նպատակային կրակ չի բացել, Ադրբեջանի տարածքում քաղաքացիական պետհամարանիշով ավտոմեքենայի վրա ահաբեկչական հարձակում չի իրականացրել: Եվ թերևս ամենակարևորը. ցավալի է բայց փաստ, որ նմանատիպ հայտարարություններից հետո ռազմաճակատում ադրբեջանական կողմը շարունակելու է ապակայունացնել իրադրությունը, քանզի պաշտոնական Բաքվի համար սովորական է դարձել արհամարհել դրանք»,- նշեց ռազմական փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան