ՀՀ նախագահ. Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ
Քիչ առաջ Երևանում, Ազգային Ժողովում աշխատանքները սկսեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից, Երևանում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները:
Նիստի մեկնարկին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ՍԾՏՀ-ի պատվիրակներին ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: Ըստ այդմ, նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների ու հատկապես ՍԾՏՀ կազմակերպության գործունեությանը և խորհրդարանական վեհաժողովի հետագա զարգացմանը` որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: Եվ դրա վառ ապացույցն այն է, որ մեր երկիրը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել լիագումար նիստի մասնակիցներին անկախ նրանից, թե ինչ ներքաղաքական գործընթացներ կան երկրում:
Կարևորելով միջխորհրդարանական դիվանագիտության դերը մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և մի շարք այլ հարցերում երկրի ղեկավարը նշել էր նաև, որ միջխորհրդարանական վեհաժողովների գործունեությունը հատկապես կարևոր է այդ բոլոր արժեքների տարածման գործում: Այն նաև օգնում է տարածաշրջանային համագործակցությանը:
«Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայման, փակ սահմանների ապաշրջափակմամբ, փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ երկխոսության ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար: Այս համատեքստում ևս կարևորվում է ՍԾՏՀ ԽՎ դերակատարությունը: Վստահ եմ, որ մեզ համախմբում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդայլմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ և ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»»,- ընթերցեց ՀՀ նախագահի խոսքը Վ.Սարգսյանը:
«Ես ավելի քան համոզված եմ, որ հաշվի առնելով պառլամենտարիզմին բնորոշ փոխզիջումային մոտեցումները, դուք կարող եք զգալի դերակատարում ունենալ նշված խնդիրների նկատմամբ ընդհանուր և միևնույն ժամանակ որոշ անդամ պետությունների շահերը հարգող որոշումներ կայացնելու գործընթացում»,- հավելեց նախագահի խոսքը Վ.Սարգսյանը:
Նշենք, որ 6 ամիս է, ինչ վեհաժողովում նախագահում է Հայաստանը:
39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են` կազմակերպչական, ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին, ՍԾՏՀ անդամ երկրներում հարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող և այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցում են 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները