Հովհաննես Նիկողոսյան. ԵԽԽՎ-ն աստիճանաբար վերածվում է շահեր հետապնդող ակումբի (ձայնագրություն)
Նախօրեին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը: 13 էջանոց փաստաթուղթըը, որը պարունակում է քաղաքական, իրավական գնահատականներ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ՝ թեկնածուների գրանցումից մինչև մամուլի ազատության միջավայր, հարուցել է ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի քննադատությունը, ով այն որակել է «մանիպուլյացիաներով լի»:
Panorama.am-ը դիմեց է քաղաքագետ, Սլավոնական համալսարանի ամբիոնի վարիչ Հովհաննես Նիկողոսյանին՝ մեկնաբանելու զեկույցն ու հայկական կողմի արձագանքը:
«Ես տեղյալ եմ զեկույցից, ծանոթ եմ նաև պարոն Հարությունյանին արձագանքին: Առանձնապես կուզենայի անդրադառնալ այն հանգամանքին, որը զեկույցը գրվել է անձամբ առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքըլսընի կողմից, առաքելության այլ 24 անդամների հետ առանց համապատասխան խորհրդակցությունների: Զարմանալիորեն, բարոնուհին հաստատում այդ փաստը հենց զեկույցի 3-րդ պարբերությունում, երբ խոսում է իր անձնական տեսանկյունից: Հայտնի է դարձել, որ նույնիսկ առաքելության ղեկավարի տեղակալ, լեհ սենատոր Պյոտր Վախը տեղյակ չի եղել զեկույցից:
Այնուհանդերձ, մի կողմ թողնելով Դավիթ Հարությունյանի կողմից նշված անճշտությունները, կուզենայի առանձնացնել ամենամտահոգիչ հանձնարարականը՝ մատնանշված 57-րդ պարբերությունում, որն ամբողջապես պետք է որ դուրս լիներ ցանկացած ընտրական դիտորդական առաքելության իրավասությունից ու լիազորություններց, փաստացի լինելով միջամտություն տեղական գործերին: Կարծում եմ, որ խորհրդարանական վեհաժողովն ու բյուրոն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց առաքելությունների քաղաքական կողմնորոշում արտահայտող օրակարգին, ինչը բավականին հաջող ներկայացված է ԵԿՆ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցում:
Ափսոսանքով եմ փաստում, որ որոշակի արժեհամակարգի վրա հիմնված կառույցը, ինչպես Եվրոպայի խորհուրդն է, աստիճանաբար վերածվում է շահեր հետապնդող մանիպուլյատորների ակումբի: Որպես լիիրավ անդամակցող պետություն, դա նաև մեր գլխացավանքը պետք է լինի», - նշեց Հ. Նիկողոսյանը: