ՀՀ նախագահին հանձնվեց «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիր և շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում
Այսօր Ճապոնիայի կայսր Ակիհիտոն իր պալատում ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Կարճ առանձնազրույցից հետո հայկական պատվիրակությունը մեկնեց Սոկա համալսարան, ուր ՀՀ նախագահին հանձնվեց «Ժողովուրդների բարեկամության» պատվոգիր և շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Համալսարանի ռեկտորը շնորհակալություն հայտնեց, որ նախագահը ժամանակ գտավ համալսարան այցի համար: Շնորհակալություն հայտնեց նաև անցյալ տարի Ճապոնիայի երկրաշարժից հետո ցուցաբերած օգնության համար: Ռեկտոր Հիդեո Յամամոտոն կարևորեց Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների 20 –ամյակը և հայտնեց, որ Հայաստանի նախագահին դոկտորի պատվավոր կոչում տալու որոշումը ընդունվել է միաձայն:
Հետաքրքիր է, որ ռեկտորը հարկ համարեց դահլիճում ներկա ուսանողներին ու պրոֆեսորա-դասախոսական կազմին նաև համառոտ ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը:
Պատասխան ելույթում նախագահը հայտնեց իր երախտագիտությունը Սոկա համալսարանի պատվավոր դոկտորի կոչման համար: Հայ ժողովրդի անունից ցավակցեց երկրաշարժի ու ցունամիի հետ կապված, հիշեցրեց, որ Հայաստանը քսան տարի առաջ անցել է նման ավերիչ աղետի միջով, և որ Ճապոնիան առաջին երկրներից էր, որ առաջարկեց իր օգնությունը: Նախագահը ասաց, որ պատկերացնում ենք այն ահռելի աշխատանքը, որ անհրաժեշտ է վնասները վերականգնելու համար, և որ հայերս տպավորված ենք այն արդյունքներով, որ ցուցաբերեց Ճապոնիան:
Հայաստանի նախագահը անդրադարձավ Հայաստանի անկախացմանն ու Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Կարևորեց Ճապոնիայի կրթական քաղաքականությունը, որի շնորհիվ Ճապոնիան առաջատար դիրքերում է ամբողջ աշխարհում:
Նախագահը անդրադարձավ նաև Հայաստան-Ճապոնիա դարավոր պատմական կապերին, նշեց այն ոլորտները, որոնցով հետաքրքրված են Հայաստանում՝ ճապոնական գրականություն, գեղանկարչություն, սպորտային մարտարվեստներ և ճարտարապետություն:
Հիշեցնենք, որ ճարտարապետ Արայի կողմից Երևանի կենտրոնում, քանդած «Երիտասարդական պալատի» տեղում նոր կառույց է սպասվում:
Նախագահն իր խոսքում անդրադարձավ նաև Գրատպության 500-ամյակին և հրավիրեց բոլոր ներկաներին Հայաստան:
Նախագահը Սոկայում լուսանկարվեց ուսանողների հետ և գրառում արեց համալսարանի պատվավոր հյուրերի գրքում:
Փոքրիկ դիտարկումներ ու տպավորություններ.
Ասում են, թե կայսեր աչքերին նայել չի կարելի, սակայն ասենք, որ կայսրը մեզ՝ լրագրողներիս էլ բավական ժամանակակից ու «հասարակ» թվաց. Նա մոտեցավ ելքին շատ ավելի շուտ, քան ժամանեց ՀՀ նախագահը, հրաժեշտին կանգնեց իր պալատի շեմին այնքան, մինչև ոչ միայն տեսադաշտից հեռացավ նախագահին տանող մեքենան, այլև վերջում նայեց մեզ ու խոնարհվեց: Արարողակարգում նշված չէր, բայց մենք էլ նման կերպ փոխադարձեցինք մեր հարգանքը:
Երբ լեգենդները կոտրվում են, տպավորությունները կարող են հուզիչ լինել:
Ի դեպ, էլի մի հուզիչ պահի մասին. Երբ հայկական պատվիրակությունը մտավ համալսարան, ուսանողները դիմավորեցին «Երևան դարձած իմ Էրեբունիով»…
Կսպասեք, կգամ, երգի ձայնը կբերեմ:
Ի դեպ՝ հետաքրքիր է, որ ողջույնի պաստառի վրա գրված էր՝ Бари галуст, Հայաստան:
Կարծում եմ, որ Հայաստանի նախագահի՝ համալսարանին տված նվերը կրթության արժեքը հասկացող ճապոնացիները նպատակային կօգտագործեն ու մյուս անգամ լրիվ հայատառ կլինեն ողջույնները: Թե ինչ ուշադիր էին զննում հայկական տառերով նկարը, ես համարյա համոզված եմ դրանում:
Panorama.am, Ճապոնիա, Սոկա