Ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը. Նախարարներից 14-ը կլինեն ՀՀԿ-ականներ (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում էր ՀՀԿ առաջնորդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպեսև սպասվում էր, ՀՀԿ ԳՄ նիստի արդյունքում հայտնի դարձավ կառավարության նոր կազմը, որն, ըստ էության, լուրջ փոփոխություն չկրեց: Փաստորեն, ՀՀԿ ԳՄ անդամ, Երևանի նախկին Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ ԳՄ կողմից առաջադրվեց որպես ՀՀ կապի և տրանսպորտի նախարար:
Այսպիսով, Հանրապետական կուսակցությունը նախարարական 18 պորտֆելներից 14-ում առաջադրեց իր թեկնածուներին, իսկ դրանք հիմնականում ներկայացնում էին նախորդ կառավարության անդամները:
Մյուս չորս պորտֆելներից երեքը` քաղաքաշինության, գյուղատնտեսության և ԱԻՆ, ՀՀԿ-ն բաշխեց կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը կլինի անկուսակցական: Այս մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե` ովքեր են ՕԵԿ թեկնածուները, Շարմազանովը հիշեցրեց, որ ԱԻՆ նախարարը նախագահի կողմից արդեն նշանակվել է Արմեն Երիցյանը, իսկ քաղաքաշինության նախարարի իր թեկնածուն ՕԵԿ-ը կառաջադրի առաջիկա օրերին: Սպորտի և երիտասարդության հարցերի անկուսակցական նախարարի մասով Շարմազանովը որևէ բան չասաց, նշելով, որ կառավարության լիարժեք կազմը հայտնի կդառնա երկուշաբթի օրը:
Փոփոխությունների առնչությամբ ՀՀԿ մամլո խոսնակը հավելեց, որ առողջապահության նախարար կնշանակվի Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյան:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե` Սամվել Նիկոյանի մասին կանխատեսումները, փաստորեն, իրականության չդարձան, մինչդեռ Դ. Դումանյանի և Գ. Բեգլարյանի պարագայում դրանք իրականացան, Շարմազանովը հավելեց. «Հարգելիներս, շտապեք մի փոքր ավելի դանդաղ: Պարոն Նիկոյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով և կշարունակի իր գործունեությունը օրենսդիր մարմնում»:
Լրագրողների դիտարկմանը, թե` արդյոք կառավարության այս կազմը կգործի ընդամենը 7 ամիս` մինչև նախագահական ընտրություններ, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ես որևէ բան կանխատեսել չեմ ցանկանում: Համենայնդեպս, գոնե ՀՀԿ թեկնածուների մասով, կարծում եմ, փոփոխություններ կլինեն ֆորսմաժորային իրավիճակի դեպքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում