Ահմադինեժադն ու Պան Գի Մունը քննարկել են Իրանի միջուկային ծրագրին և Սիրիայի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր
«Ռիո+20» գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննարկել են Իրանի միջուկային ծրագրին և Սիրիայի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր:
Այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը (president.ir):
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի նախագահը, անդրադառնալով Սիրիայի ներքաղաքական զարգացումներին, նշել է, որ Իրանը դեմ է սիրիական խնդրի լուծման գործում որևէ արտաքին միջամտության: Ըստ Ահմադինեժադի՝ խնդիրը պետք է հանգուցալուծվի բանակցությունների և կողմերի փոխադարձ համաձայնության ճանապարհով:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Իրանի և «5+1 խմբի» բանակցություններին՝ Մ.Ահմադինեժադը նշել է, որ Թեհրանի բոլոր գործողություններն իրականացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո, միևնույն ժամանակ, հավելել է, որ օրենքը պետք է բոլոր կողմերի համար միատեսակ կիրառվի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ իր խոսքում նշել է, որ միջազգային և տարածաշրջանային հարցերում Իրանը կարևոր ազդեցություն ունեցող երկիր է: