Պետդումայի պատգամավորները կհետևեն Արցախի ընտրություններին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երևանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշել է, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան և նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության անդամները, լինելով Ղարաբաղում, տեղում կհամոզվեն` արցախցիները, կերտելով անկախ պետություն, հիմնվում են ժողովրդավարական արժեքների վրա:
Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Բալբերովի խոսքով, ով դիտորդ է եղել նաև ՀՀ Ազգային ժողովի` մայիսին կայացած ընտրությունների ժամանակ և տպավորված է դրանց բարձր մակարդակով անցկացմամբ, իրենց ներկայիս այցը նախևառաջ պայմանավորված է այն համոզմամբ, որ միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր լուծել ցանկացած, այդ թվում` ԼՂ հակամարտությունը:
Ըստ նրա` հակացուցված են արտաքին, առավել ևս ռազմական միջամտությունները: «Ժողովուրդն ինքը պետք է որոշի որ երկրում ապրի, ով իրեն ղեկավարի, ինչ ճանապարհով զարգանա»,-ասել է Ալեքսանդր Բալբերովը` համոզմունք հայտնելով, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կլինեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ևս մեկ դրսևորում:
Հանդիպմանը մասնակցող ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` ԼՂՀ նախագահի ընտրություններին ՌԴ պետդումայի պատգամավորների` որպես դիտորդ մասնակցության որոշումը խիզախ և գնահատելի քայլ է, քանի որ Ադրբեջանը ոչ համարժեք գնահատականներ է տալիս նման դիրքորոշմանը: Այս երկրի այդպիսի կեցվածքը նա որակեց անհեռատես և սխալ, քանի որ, որպես դրա արդյունք, նորանոր մարդիկ են հետաքրքրվում ԼՂՀ ճակատագրով` ձգտելով տեղում անձամբ ծանոթանալ իրավիճակին, արցախցիների կյանքին: Ըստ Արտակ Զաքարյանի` ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրությունները ևս մեկ ցուցանիշ են, որ Արցախն ընթանում է ժողովրդավարության ուղով: Նա կարևորել է նաև համատեղ ջանքերով տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչին մեծապես կարող են նպաստել խորհրդարանականների պարբերական, նպատակային շփումները:
ՌԴ Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, ով ներկայացնում է նաև Ռուսաստանի Միջազգային իրավունքի ընկերակցությունը, նշել է, որ իր համար միջազգային իրավունքի տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդիրը միանշանակ լուծում ունի` յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորաշման իրավունք: «Այստեղ երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել»,-ընդգծել է նա: Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, համատեղ ջանքերը հարկ է ուղղել նաև նրան, որ այս մոտեցումը փոխանցվի ու դառնա քաղաքացիական հասարակության համոզմունքը: Դենիս Դվորնիկովի խոսքով`պատմական աղավաղումների դեմ և ճշմարտության ու արդարության վերականգնմանն ուղղված պայքարում մեծ դերակատարում ունեն նաև քաղաքացիական կառույցները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է աշխուժացնել նման կառույցների համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Արցախի նաախագահական ընտրությունները նշանակված են վաղը: Պայաքրում են երեք թեկնածու` գործող նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանը և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում որպես ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը: