Արևելյան Ազարբայջանի նահանգապետը բարձր է գնահատել երկրաշարժից տուժածներին Հայաստանի ցուցաբերած օգնությունը

13:33 20/08/2012 » Քաղաքական

Արևելյան Ազարբայջանի նահանգապետը բարձր է գնահատել երկրաշարժից տուժածներին Հայաստանի ցուցաբերած օգնությունը

«Երկրաշարժից տուժված բնակչությանն օգնություն ցուցաբերելը չափազանց գնահատելի քայլ է»: Այդ մասին Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգի պաշտոնական կայքի (www.ostan-as.gov.ir) հաղորդմամբ՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգին:

Իրանցի պաշտոնյան, բարձր գնահատելով օտար երկրների կողմից երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնությունը, հույս է հայտնել, որ այդպիսի միջադեպ որևէ երկրի որևէ ազգաբնակչության հետ այլևս չի պատահի:

Հայաստանի դեսպանն էլ իր հերթին Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի ցավակցությունն է հայտնել նահանգապետին և նշել, որ բացի իրանցիներից, այդ սարսափելի երկրաշարժից ազդվել են նաև բազմաթիվ այլ ժողովուրդներ:

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 11-ին Իրանի Արևելյան Ազարբայջան (Արևելյան Ատրպատական) նահանգում տեղի ունեցած 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Իրանի առողջապահության նախարարության տվյալներով 306 մարդ է զոհվել: Երկրաշարժի հասցրած վնասը կազմում է շուրջ 500 միլիարդ թուման (250 միլիոն դոլար): Իրանի կառավարության որոշմամբ՝ երկրաշարժից տուժած յուրաքանչյուր ընտանիքին 40 միլիոն ռիալ (20 հազար ԱՄՆ դոլար) անհատույց օգնություն կտրամադրվի:

Հավելենք, որ օրերս ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։

Նախորդող տեղեկատվություն՝

Սերժ Սարգսյան. Այս ծանր պահին մենք իրանցի ժողովրդի հետ ենք

Հայաստանից Իրան օգնությունը կտեղափոխեն ավտոմեքենաներով

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց