Սերժ Սարգսյան. Սա մարդասպանություն է էթնիկ հողի վրա և արդարացվում է ԵՄ անդամ երկրի իշխանությունների կողմից
Սա պարզ մարդասպանություն չէ, մարդասպանություն է էթնիկ հողի վրա և արդարացվում է Եվրոպական միության անդամ երկրի իշխանությունների կողմից: Սա շատ վատ հանգամանք է: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հրավիրած նիստում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ ԱԱԽ նիստում քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը:
Երկրի ղեկավարը կարծիք է հայտնել, որ արդեն վաղը պետք է նամակներ պատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:
«Պետք է համապատասխան ցուցումներ տալ մեր դիվանագիտական բոլոր կառույցներին: Ես արդեն կապվել եմ մեր ավանդական կուսակցությունների ղեկավարների հետ, և իմ համոզմամբ, նաև արտերկրում մեր ժողովուրդը պետք է գնահատական տա: Հունգարիայի իշխանությունները պետք է հասկական, որ կոպիտ սխալ են կատարել: Նրանք, փաստորեն, գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ ադրբեջանական կողմի այն մեկնաբանությունները, թե արդեն մեկ տարուց ավելի գաղտնի բանակցություններ են վարում, և որ հարցը վերջնականապես լուծվել է Հունգարիայի վարչապետի Բաքու պաշտոնական այցի ընթացքում, խոսում է այն մասին, որ այստեղ արդարադատության նախարարի որոշում չէ, այլ գործարքի մեջ մտած երկրների համաձայնեցված գործողություններ, իշխանությունների համաձայնեցված գործողություններ: Եվ մենք պետք է համապատասխան արձագանք անպայման ապահովենք»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նշենք, որ այս պահին երկրի ղեկավարի նստավայրում ընթանում է Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցությունը, որի ժամանակ ՀՀ Նախագահը հայտարարությամբ հանդես կգա ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում կայացրած որոշման մասին:
Նախորդող հրապարակում` ԱԱԽ որոշման մասին ՀՀ Նախագահը կխոսի քիչ անց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան