«Հայաստանը կարող է կամ դադարեցնել, կամ ուրիշ կերպ դիտարկել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրումը»
Հունգարիայի այս քայլը ամոթ է ոչ միայն Հունգարիայի համար, այլև ամբողջ Եվրամիության համար, քանի որ Հունգարիան լինելով և ՆԱՏՕ-ի, և ԵՄ երկիր հիասթափեցրել է աշխարհին ու չի կատարել իր վրա դրված պարտավորությունները: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նախևառաջ նա նշեց, որ չի հավատում Հունգարիայի այն հավաստիացումներին, թե իրենք վստահ էին, որ Սաֆարովը Ադրբեջանում էլ անազատության մեջ կլինի, քանի որ այդ ողջ գործընթացը երկարատև ժամանակահատվածում է մշակվել ու նրա հետևից Հունգարիա հատուկ ինքնաթիռ էր ուղարկվել` մարդասպանին Բուդապեշտից Բաքու տեղափոխելու համար:
Ռ.Կիրակոսյանը ընդգծեց, որ գնալով ճգնաժամը այս խնդրի վերաբերյալ ուժգնանում է և դրանում առաջնային է միջազգային հանրության տեսակետը. «Ադրբեջանի այս քայլը ցույց է տալիս, որ այդ երկիրն այլևս չի կարևորում միջազգային հանրության արձագանքն ու պատասխանը նման քայլերին: Եվ հատկանշական է, որ ԱՄՆ-ն առաջինն էր, որ պատասխանեցին այս քայլին` անհանգստություն հայտնելով այս ամենի կապակցությամբ: Հայտարարությունները բավականին ուժեղ էին ձևակերպված և հատկապես դրանց զիլ լինելը ընդգծվում է, երբ Մոսկվայից, հակառակը, ոչինչ չենք լսում»,- նշեց նա: Մինչդեռ, շտապեց հիշեցնել նաև, Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ստրատեգիական գործընկերը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս ամենը ի հայտ բերեց, ըստ բանախոսի, Թուրքիայի թուլությունը. «Այս կերպ Ադրբեջանը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետաքրքրությունները նրա համար այնքան էլ կարևոր չեն: Այլ կերպ ասած, Ադրբեջանը ինքն է ղեկավարում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և սա Թուրքիայի համար մեծ խնդիր է, առավել ևս, որ այս դավադրությունը նրա կողմից չէր ծրագրվել: Այս ճգնաժամը վնասում է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները»,- նշեց քաղաքագետը:
Ապա անցավ Հայաստանին. «Եթե միջազգային հանրությունը չտա բավականին ուժեղ պատասխան այս ամենին, ապա Հայաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը: Մասնավորապես Հայաստանը կարող է վերանայել ու կամ դադարեցնել, կամ ուրիշ կերպ դիտարկել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրումը»:
Հիշեցնելով, որ Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Ռ.Կիրակոսյանն ընդգծեց` նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ պետք է հնչեցնի, որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի միջոցառման շրջանակում և հենց ՆԱՏՕ-ն չկարողացավ ապահովել հայ սպայի անվտանգությունը. «Սպասում ենք թե ՆԱՏՕ-ի, թե ԵՄ-ի ավելի լուրջ քննադատությանը»,- հավելեց իր խոսքը քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում