Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և նշել, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:
Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի և Դուրբանի գագաթաժողովների լույսի ներքո կարևորել է մինչև 2015 թ. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին:
Բան Կի-մունը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա