Հայաստանի կառավարությունը դիմակայում է ռուսական «Համերկրացի» ծրագրին
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին մտահոգել է Ռուսաստանի Դաշնության «Համերկրացի» ծրագիրը, որի շրջանակներում արդեն իսկ 1500 մարդ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Իսկ մեկնելու համար գրանցվել է 26 հազար քաղաքացի:
Պատգամավորը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց` ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս «մարդաորսությունը» վերացնելու ուղղությամբ:
Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանի կառավարության համար այդ ծրագրի իրականացումն անընդունելի է:
«Այս հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ: Մեր քաղաքական դիրքորոշումն է, որ այս պետական ծրագիրը մեզ համար ընդունելի չէ, և մենք համաձայնություն չենք տվել, որ նման գործունեություն ծավալվի Հայաստանում: Այս հարցը հստակ ձևակերպված է միջկառավարական հանձնաժողովում: Մենք լիահույս ենք, որ ՀՀ-ի դեպքում, այդ ֆորմատը չի գործի», -հավելեց վարչապետ Սարգսյանը: