«Դոյչե Վելլե». Թուրքիան և Իրանն անուղղակիորեն պատերազմում են Սիրիայում
Թուրքիան և Իրանն անուղղակիորեն պատերազմում են Սիրիայում:
Այդ մասին նշված է «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Թուրք վերլուծաբան Արիֆ Քեսգինը «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով թուրք-իրանական հարաբերություններին, նշել է, որ Թուրքիան օրեցօր հեռանում է Իրանից: Սիրիայի հարցում Իրանի որդեգրած դիրքորոշումը հարուցել է Թուրքիայի իշխանությունների դժգոհությունը:
«Թուրքիան, վարչապետի նստավայրի առջև ԻԻՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և միջուկային հարցերով բանագնաց Սայիդ Ջալիլին չդիմավորելով և Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարությամբ, երկու կարևոր ուղերձ հղեց Իրանին»,-նշել է թուրք վերլուծաբանը:
Շարունակելով թեման Արիֆ Քեսգինը նշել է. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեջբերած խոսքը, այն է՝ «Խաղաղություն ես ուզում պատրաստվիր պատերազմին» արտասանվեց այն ժամանակ, երբ Իրանի նախագահի առաջին տեղակալը գտնվում էր Թուրքիայում: Այդ ուղերձն ուղղված էր Իրանի իշխանություններին, և եթե Թուրքիայի այդ ուղերձը լուրջ չընդունվի, ապա իրանա-թուրքական հարաբերություններն ավելի կսրվեն»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Ռահիմին, օրերս Թուրքիա կատարած այցի ընթացքում, անդրադառնալով թուրք-սիրիական սահմանում արձանագրված զինված բախումներին և Թուրքիայի Մեջլիսի կողմից ռազմական գործողություններ սկսելու կառավարության միջնորդությանը հավանության տալուն, նշել է. «Թուրքիայի իշխանությունները պետք է զսպվածություն դրսևորեն և Սիրիայի հետ խնդիրները լուծեն երկխոսության միջոցով: Նրանք չպետք է այնպիսի քայլեր անեն, որը թյուրըմբռնումների առիթ տա»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. «Երբ Թուրքիայի համար հրեաների արյունը մուսուլմանների արյունից ավելի կարմիր է»