Ամերիկացի փորձառու դիվանագետն Իրանին ու ԱՄՆ-ին առաջարկում է Սիրիայի հարցով երկկողմ բանակցություններ վարել
Այժմ հարմար առիթ է, որպեսզի Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով երկկողմ բանակցություններ վարեն:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ «Ալ-մոնիթոր» կայքին տված հարցազրուցում՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարության վետերան դիվանագետ Ռայան Քրոկերը:
Անդրադառնալով Սիրիայի հարցով Իրանի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի երկխոսության հնարավորությանը՝ ամերիկացի դիվանագետը նշել է. «Տարածաշրջանի երկրները սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առնչությամբ հանդես են գալիս տարատեսակ նախաձեռնություններով, ուստի անկախ ԱՄՆ-ի ներկայությունից, այդ գործընթացը շարունակվում է: Միացյալ Նահանգները կարևորում է Սիրիայի հարցով այլ երկրների հետ ևս բանակցություններ վարելը, այդ առումով Իրանը կարող է կարևոր դեր ունենալ»:
Նկատենք, որ Ռայան Քրոկերը տարբեր տարիներին Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Քուվեյթում, Պակիստանում և Աֆղանստանում աշխատել է որպես ԱՄՆ դեսպան: 2007-2009թթ. հենց նրա մասնակցությամբ են տեղի ունեցել Իրաքի անվտանգության հարցերի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի ուղղակի բանակցությունները:
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում միջազգային մամուլում հաճախ է քննարկվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգթոնի միջև ուղղակի բանակցությունների հավանականության հարցը: Այդ առնչությամբ նույնիսկ իրենց դրական դիրքորոշումն էին հայտնել Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ ԱԳՆ նախարար Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի բանակցություններ վարելու հնարավորության թեմային, մասնավորապես նշել էր. «Միացյալ նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու նախադեպ մենք արդեն իսկ ունեցել ենք Իրաքի և Աֆղանստանի հարցում, ներկայում ևս միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի և «5+1» խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) շրջանակներում մենք անուղղակիորեն բանակցում ենք, սակայն ինչ վերաբերում է ուղղակի երկխոսությանը, ապա դա ամբողջովին գտնվում է ԻԻՀ հոգևոր առաջնորդի լիազորությունների ներքո»: