Նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներ ԶԼՄ-ներով հիշատակվել են 33 քաղաքական գործիչներ
Այս տարվա հոկտեմբերի1-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում 2013 թ. նախագահական ընտրություններում հավանական թեկնածուներ ԶԼՄ-ներով հիշատակվել են 33 քաղաքական գործիչներ: Առավել հաճախ` 378 անգամ հիշատակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը:
Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ների կողմից ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012 թ. հոկտեմբերի1 - նոյեմբերի 20) ներկայացնելիս ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, 2013 թ. նախագահական ընտրություններից առաջ վիճակը բավականին այլ է. անորոշություն կա, քանի որ հստակեցված չէ, թե ովքեր են մասնակցելու նախագահական ընտրություններին: Նման անորոշությունը, ըստ Բ. Նավասարդյանի, իր ազդեցությունն է թողնել նաև լրատվամիջոցների գործելակերպի վրա:
Երևանի մամուլի ակումի կողմից իրականացվող մշտադիտարկումը «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում է իրականացվում` ԵՄ-ի ֆինանսական օժանդակությամբ: Մշտադիտարկումն իրականացվում է երկու փուլով. առաջին փուլն ընդգրկում է այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահավածը, երկրորդ փուլն ընդգրկելու է պաշտոնական քարոզչության ժամանակահատվածը:
Հետազոտության օբյեկտ են 6 համազգային հեռուստաալիքներ` Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», մեկ մայրաքաղաքային հեռուստաալիք` «Արմնյուզ», նաև` Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
Հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման առաջին փուլում թվարկված հեռուստառադիոալիքներում հետազոտվել են երեկոյան եթերի (18.00-01.00) բոլոր հաղորդումները:
Ըստ մշտադիտարկման, քաղաքական ուժերի նկատմամբ նշված ժամանահատվածում ամենամեծ ուշադրությունը ցուցաբերել են «Կենտրոն» «Արմնյուզ», «Երկիր մեդիա» հեռուստաալիքները, Հանրային ռադիոն, ամենաքիչը` «Շանթը» և «Արմենիան»:
Մշտադիտարկման համաձայն, հայաստանյան հեռարձակվողների ուշադրության կենտրոնում են հայտնվել հինգ քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: «Օրինաց երկիր» կուսակցությունը զգալիորեն քիչ ուշադրության է արժանացել:
Ըստ Բ. Նավասարդյանի, խորհրդարանական կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը կարելի է բացատրել կուսակցությունների նախընտրական գործելակերպում ինտրիգների անակնկալ աստիճանով:
Բ. Նավասարդյանը նաև նշեց, որ նախընտրական բանավեճերն առայժմ առաջնային չեն հետազոտվող ԶԼՄ-ների մեծ մասում: Այս առումով որոշակի բացառություն են կազմում «Երկիր մեդիան» և «Արմռադիոն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են