ԻԻՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է ադրբեջանական անօդաչուների՝ Իրանի սահմանին կատարող հետախուզական գործողություններին
Իրանի օդային սահմանը հատած յուրաքանչյուր անօդաչու ինքնաթիռ կտրուկ հակահարվածի կարժանանա:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների կողմից Իրանի սահմանը խախտելու մասին լրագրողի հնչեցրած հարցին, մասնավորապես պատասխանել է. «Մեր օդային սահմանը խախտելու համար նախ պետք է կարողանան ապակողմնորոշել մեր պաշտպանական համակարգերին. Հաշվի առնելով մեր երկրի սահմանների պաշտպանության գործում Իրանի զինված ուժերի կարողությունները՝ մեր երկրի օդային սահմանը խախտողը կտրուկ հակահարվածի կարժանա»:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ԻԻՀ Մեջլիսի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Էսմայիլ Քոուսարին նախօրեին, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, հայտարարել էր. «Ադրբեջանական անօդաչուների գլխին նույն փորձանքը կբերենք, ինչպես ամերիկյանի պարագայում էր»:
Ռամին Մեհմանփարաստը, անդրադառնալով «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հակաիրանական գործունեություն ծավալող կառույցի կողմից իրանցի թյուրքախոս ազարիների խնդիրների շահարկմանը, նշել է. «Այդպիսի կառույցների կասկածելի գործողությունները վնասում են հարևան երկրների հարաբերությունները և երկրներին հեռացնում միմյանցից: Բաքվում «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» գումարած նիստի առնչությամբ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր բողոքն արտահայտել է»:
Նշենք, որ ադրբեջանական «կոնտակտ.ազ» կայքի հաղորդմամբ՝ օրերս Բաքվում հրավիրված «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հերթական նիստի ընթացքում ԱՀԿ նախագահ, Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսթամխանլին, խոսելով թյուրքախոս իրանցիների մասին, մասնավորապես նշել էր. «Ցավոք Հարավային Ադրբեջանում, այսինքն՝ Իրանական Ադրբեջանում բնակվող մեր հայրենակիցների ազգային, մշակութային, սոցիալական և քաղաքական իրավունքների վերաբերյալ Հյուսիսային Ադրբեջանում, այսինքն` Ադրբեջանի Հանրապետությունում, գրքեր չեն հրապարակվում: Պաշտոնական Բաքուն խուճապային վախ ունի Թեհրանի ռեժիմի հանդեպ, այդ իսկ պատճառով է, որ մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման հարցը միջազգային ատյաններում չի բարձրաձայնում»:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանում կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը. Բաքվում ԻԻՀ դեսպանության արձագանքը
Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն Իրանի սահմանին հետախուզական գործողություններ են իրականացնում
Իրանի Մեջլիսը նախազգուշացնում է. Ադրբեջանական անօդաչուների գլխին նույն փորձանքը կբերենք, ինչպես ամերիկյանի պարագայում էր