Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին, որի օրակարգում եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: Համագումարին ներկայացվել է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Սերժ Սարգսյանը համագումարում հանդես է եկել ելույթով:


ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ արտահերթ համագումարում ներկայացնում ենք ամբողջությամբ:

Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի հանրապետական կուսակցության արտահերթ համագումարում: Այսօր մենք հնարավորություն ունենք նախագահական ընտրություններից առաջ գնահատելու ներկա իրավիճակը, կշռելու կատարված քայլերի արդյունավետությունը և նախանշելու մեր միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակները: Փորձենք ամփոփել անցած ճանապարհը, հասկանանք որտեղ ենք հիմա և ուր ենք գնում:
Երկու տասնամյակ առաջ մեր ժողովուրդը անկախ պետություն ստեղծելու ևս մեկ հնարավորություն ստացավ: Եվ, փառք Աստծո, չկորցրեց այդ հնարավորությունը: Անկախության առաջին հինգ տարիներին մեր ժողովուրդը ծանրագույն փորձությունների դիմակայեց: Հաղթանակ կերտեց պարտադրված պատերազմում: Ավերվող տնտեսության փլատակներից ազատական տնտեսության հիմքերը դրեց: Ստեղծեց անկախ երկրին բնորոշ պետական կառույց, քաղաքական հաստատություններ, ստեղծեց բանակ: Հաճախ բոլոր կողմերից շրջափակված, երբեմն աշխարհից լիովին կտրված, փակ սահմանների ներսում կարողացավ իր զավակնե րի մտքով ու եռանդով առաջ շարժվել: Կարողացավ իրեն ու աշխարհին ապացուցել անկախ ապրելու իր ունակությունը: Ապացուցել քսանմեկերորդ դարում իր գոյության իրավունքը: Պետություն ունենալու իրավունքը: Ապագա ունենալու իրավունքը: Անկախության առաջին տարիները մաքառումի ու պայքարի, ստեղծման ու ձևավորման տարիներ էին: Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն լավն ու բարին: Նաև հակասականն ու խնդրահարույցը: Ձևավորեց՝ նախորդ տասնամյակների ընթացքում կուտակած հոգ֍ որ, մտավոր և նյութական արժեքներին հենվելով: Ձևավորեց ինչպես կարող էր: Հաճախ՝ ինչպես կամենում էր: Երբեմն՝ ինչպես ստիպված էր:

Հետագա տասնամյակում մեր զինվորին, աշխատավորին, գյուղացուն, մտավորականին ու իշխանություններին հաջողվեց ամրապնդել ձեռքբերումները: Մեր ժողովուրդը կարողացավ պահպանել ձեռք բերածը, հզորացնել բանակն ու պետական կառույցը: Մենք կայացրեցինք ֆինանսական կենսունակ համակարգ: Տնտեսական աճի մեր իրականության մեջ աննախադեպ տեմպերի շնորհիվ նյութական նախադրյալներ ստեղծեցինք զարգացման համար: Անկախության առաջին տարիներին ձևավորած և խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած համակարգերը սկսեցինք բարեփոխել և արդիականացնել: Երկիրը համակարգային փոփոխություններ նախաձեռնեց առավել կենսական՝ կրթության ու առողջապահության ոլորտներում: Ժամանակն ավելի քան նպաստավոր էր: Ժամանակը թելադրում էր: Ժամանակը հրամայում էր: Հրամայում էր պահպանել և ամրացնել:

Շուրջ հինգ տարի առաջ մեր պետության, մեր ժողովրդի կյանքում նոր հնարավորություն ստեղծվեց: Ժամանակը նոր շրջադարձ առաջադրեց մեր ժողովրդին: Հնարավորություն ու հրամայական՝ նախորդ մեկուկես տասնամյակում ձևավորված համակարգերն առավելագույնս ծառայեցնել մարդուն: Ինչպես շատ հաճախ պատմության մեջ, այնպես էլ այս պարագայում, հնարավորությունն ուղեկցվեց ու, թերևս, թելադրվեց ծանր մարտահրավերներով: Մեր հասարակությունը ցնցվեց տարիներ շարունակ կուտակված հասարակական-քաղաքական անհանդուրժողականության ժայթքումից: Մեր հարևանությամբ բռնկված հերթական պատերազմը փակեց մեր սահմանները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածների տակ մի պահ կքեց Հայաստանի տնտեսությունը: Շուրջ մեկուկես տասնամյակ շարունակ մի կողմ թողնված խնդիրներն ու ցավոտ խոցերն իրար հերթ չտալով հրատապ լուծումներ էին պահանջում: Մարդիկ, ավելի քան երբեք, ակնկալում էին առավելագույնս օգտվել տարիներ շարունակ տնտեսական նպաստավոր միջավայրում վաստակած բարիքներից: Երիտասարդը տուն և ավելի լավ կրթություն էր պահանջում, պետական ծառայողը՝ արժանապատիվ կյանք: Քաղաքացին պահանջում էր ավելի որակյալ հանրային ծառայություններ: Գործարարը պահանջում էր կանխատեսելի տնտեսական միջավայր և պակաս վարչարարություն: Գործազուրկը՝ աշխատանք: Աշխատողը՝ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Անապահովը՝ հնարավորություններ: Ապահովվածը՝ հուսալիություն: Եվ յուրաքանչյուրը պահանջում էր արդարություն և անվտանգություն:

Չանսալ ժամանակի հրամայականին, չկատարել նրա պահանջը անթույլատրելի է: Ոչ ոք այս մեծ ճշմարտությունը չի ընկալում այնպիսի հստակությամբ, որքան ժողովրդի վստահությամբ կառավարման բեռը կամավոր ստանձնած քաղաքական ուժը: Կուսակցությունը: Գործիչը: Եվ մենք ձեզ հետ միասին կարողացանք լսել ժամանակի կանչը:
Մենք կարողացանք երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Կարողացանք թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը: Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության և շինարարության մեջ: Կարողացանք լուրջ թափ հաղորդել սննդի ու թեթև արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը: Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անհամեմատ ավելի հզոր երկրներ:

Ճգնաժամի պայմաններում մենք կարողացանք զսպել էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագների աճը: Հարյուրավոր կիլոմետրերով ջրագիծ ու գազատար կառուցեցինք, վերականգնեցինք գյուղական ճանապարհներն ու նախաձեռնեցինք հաղորդակցության միջպետական աննախադեպ կառույցներ: Մենք կարողացանք կապի ու հաղորդակցության տեխնոլոգիաները հասցնել մեր երկրի ամենահեռավոր անկյունները:

Մենք հարյուրավոր երիտասարդ ընտանիքների տուն ձեռքբերելու հնարավորություն ընձեռեցինք և աղետի գոտու հազարավոր բնակիչների կարողացանք ապահովել նոր բնակարաններով: Ապահովագրական նոր համակարգերի ներդրման շնորհիվ կարողացանք ավելացնել պետական ծառայողների բարեկեցությունը: Կարողացանք էականորեն բարելավել մեր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակը. նախկինում խնդրահարույց ծառայություններն այսօր հայաստանցուն մատուցվում են նույնպիսի որակով ու վարչարարությամբ, ինչպես առավել զարգացած ու քաղաքակիրթ երկրներում: Մենք կարողացանք զգալիորեն բարելավել նաև հայաստանցի սպառողների շահերի պաշտպանությունը: Կարողացանք երկրում վերջապես իրականություն դարձնել անվճար ծննդօգնությունը և բուժօգնությունն անհամեմատ ավելի մատչելի դարձնել: Ժամանակակից որակյալ բժշկական ծառայությունները հասցրեցինք Հայաստանի մարզեր: Կարողացանք աշխատավոր հայաստանցու համար ապահով ծերության երաշխիքներ ստեղծել՝ հիմք դնելով կենսաթոշակային կուտակային նոր համակարգին:
Վստահեցնում եմ ձեզ, որ ընդամենը մի քանի տարի Հայաստանից դուրս ապրած մեր հայրենակցի համար Հայաստանն այլևս անճանաչելիորեն փոխվել է:

Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մենք խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված քաղաքական և պետական գործիչների: Մենք սկսեցինք և մինչև վերջ հասցրեցինք մի շարք առանցքային ծառայողական քննություններ: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը : Մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը և վերականգնեցինք առանց հայրենիքի դավաճան հայտարարվելու՝ մարդկանց՝ ընդդիմախոսելու իրավունքը: Մենք չենք խուսափել ոչ մի դժվարությունից: Բարեփոխումներն սկսել ենք ամենադժվար և ամենակարևոր ուղղություններով: Սկսել ենք ոստիկանության և արդարադատության համակարգերից: Մենք պահանջեցինք մեր ոստիկանությունից քաղաքացուն ծառայել նորովի: Ծառայել բարեխղճորեն:
Հավատացնում եմ ձեզ, որ հայաստանցիների նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում:
Նախորդ հինգ տարիներին մենք ձեզ հետ միասին կարողացել ենք զգալիորեն փոխել մեր երկիրը: Բայց դա իսկապես քիչ է, շատ քիչ է:

Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր: Բայց դեռ շատ անելիքներ ունենք:
Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել մարդու համար անհամեմատ ավելի հարմարավետ ու ապահով երկիր: Շատ ավելին պետք է անենք:
Մի շարք խնդիրներ լուծել ենք հիմնովին: Բազմաթիվ խնդիրների լուծման համար կատարել ենք անհրաժեշտ քայլեր: Դրանց արդյունքներին մեր քաղաքացիները երկար չեն սպասելու:
Դժվար թիրախներ ենք ընտրել: Սակայն ընտրել ենք այն թիրախները, որոնք մեր երկրում մարդու կյանքը դարձնում են և դարձնելու են ավելի բարեկեցիկ և ավելի ապահով: Մեր հասարակությունը դարձնելու են ավելի արդար: Մեր պետությունը՝ ավելի անվտանգ:

Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը: Դեպի հայաստանցին: Մեր բոլոր ջանքերը մարդու համար են: Մեր հայրենակիցների, նրանց բարօրության համար:

Մենք երբեք չենք փորձել նեղ կուսակցական շահ հետապնդել մեր քայլերով: Մենք հպարտացել ենք բացառապես բարդ խնդիրներին տրված լուծումներով: Արդյունքներով: Սակայն յուրաքանչյուր նման արդյունք պահանջում է տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր քայլեր: Քայլեր, որոնք հնարավոր չէ կատարել միաժամանակ, քանի որ քայլեր պետք է կատարեն նաև ուրիշները: Քայլեր, որոնք ժամանակ են պահանջում: Չէ՞ որ հատկապես բարդ խնդիրներ լուծելիս հաճախ ստիպված ես լինում սպասել մինչև գործընկերներդ կատարեն իրենց քայլը: Հաճախ սպասում ես յուրաքանչյուրին: Սակայն, որպես կանոն, նման գործակցության արդյունքները լինում են ավելի շոշափելի, մնայուն և հարատև:

Մեր բազամաթիվ նախաձեռնություններ այսօր արդեն արդյունք են տվել: Սակայն մենք տասնապատիկ ավելի մեծ թվով նախաձեռնություններ ենք սկսել, որոնց արդյունքները մեր քաղաքացիները կտեսնեն մոտակա տարիներին: Այսօր ուզում եմ կարևորել դրանք ավարտին հասցնելու մեր հետևողականությունն ու կամքը:

Սիրելի՛ հանրապետականներ,

Մեզ անհրաժեշտ է ունենալ առողջ և հեռուն տանող նպատակադրում, որը թույլ կտա դիմակայել արդի մարտահրավերներին ու շարժվել առաջ՝ ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Նման նպատակադրումն է ամրապնդում մեր այն համոզմունքը, որ մեր երկիրը լինելու է մրցունակ՝ օժտված հայակենտրոն ձգողականությամբ: Միասին մենք կարողանալու ենք կայացնել այն երկիրը, որը մրցունակ կլինի նաև իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն առաջարկելու տեսանկյունից, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որևէ ցանկություն և արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ապահով Հայաստան: Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը լինելու է շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պիտի կառուցենք այդ Հայաստանը:

Այսօր ունենք կայացած և մարտունակ բանակ, որն ապահովում է մեր Հայրենիքի անվտանգությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բավական հասուն ինստիտուտներ, վերելք ապրող քաղաքացիական հասարակություն ու մամուլ, որն իր ազատության աստիճանով առաջ է շատ ու շատ երկրներից, այդ թվում նաև ավելի զարգացած և ժողովրդավարության ավելի երկար պատմություն ունեցող երկրներից: Հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքը մեր կարևորագույն արժեքն է: Ապահով հայրենիք և ապահովված ընտանիքներ՝ կազմակերպված պետության համար սրանք անհրաժեշտ նախադրյալներ են՝ կյանքի կոչելու ապահով Հայաստան նպատակադրումը:

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում, և որտեղ կան բազում սպառնալիքներ ու վտանգներ: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը: Մեր տարածաշրջանում մեծ է զինված բախումների հավանականությունը: Սպառազինությունների մրցավազքի կասեցումը և ապաշրջափակումը շարունակելու են մնալ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներ: Բաժանարար գծերը, այլատյացությունը և հակամարտություններն ուժի, ուժի սպառնալիքի ու բռնության միջոցներով լուծելու որոշ հարևանների մոտեցումները շարունակելու են մերժված մնալ: Հայաստանի մեկուսացմամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերը լիարժեք կենսունակ չեն և խոչընդոտում են տարածաշրջանում կայունության, անվտանգության և զարգացման ապահովման գործընթացները: Մենք շարունակելու ենք մեր ծանրակշիռ ներդրումն ունենալ տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործընթացում:

Ոչ մի ժողովուրդ և ոչ մի ազգ հայ ժողովրդի կողմից չի ընկալվում որպես թշնամի։ Նույն ոգով՝ հայ ժողովուրդն ակնկալում է, որ հարևան երկրների իշխանությունները դադարեցնեն հայ ժողովրդի գոյությունը, ինքնիշխանությունը, կայուն ու անվտանգ զարգացման իրավունքը մերժող և սեփական հասարակությունը բռնության մղող քաղաքականությունը:
Միևնույն ժամանակ մենք վստահ ենք, որ ապահով հայրենիքի թիվ մեկ գրավականը Հայոց բանակն է: Մեր տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու մեր երկրի նկատմամբ ռազմական արկածախնդրության կասեցումը կախված են մեր պաշտպանական ներուժի ճիշտ և նպատակասլաց զարգացումից՝ արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխան: Ներքին անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, ինչպես նաև արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված քայլերը ներառելու են համալիր` հետախուզական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չեն զբաղվելու հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, քանի որ ունակ են լինելու իրենց շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում և նրանից դուրս,, ինչի հիմքն արդեն իսկ դրված է աշխարհի տարբեր ծայրերում մեր խաղաղապահների կողմից մարտական խնդիրների գերազանց կատարմամբ:
Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության: Առաջնահերթությունը տրվելու է բազմաֆունկցիոնալ համալիրներին, որոնք կլինեն դիտարկման, հայտնաբերման, թիրախորոշման և խոցման միասնական համակարգեր: Այս ամենում իր կարևորագույն դերն է ունենալու ժամանակակից և կենսունակ հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը, որի շարունակական արդիականացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:

Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ: Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցությամբ հրամանների անվերապահ կատարման վրա: Այս ամենում օրինակելիության կատարյալ տիպար են լինելու հրամանատարները՝ ղեկավարելով անձնական օրինակով:
Ապահով հայրենիքի կայացման գործում ավելի էական է դառնում վարվող արտաքին քաղաքականության դերը: Հայաստանի միջազգային ներգրավումն այսօր ավելի ընդգրկուն է, դինամիկ և փոխկապակցված, քան երբևէ: Զարգանում է մեր երկկողմ և բազմակողմ միջպետական համագործակցությունը: Շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների խորացման գործընթացը: Ամբողջանում է մեր միջազգային գործունեության իրավական դաշտը: Հայաստանը հարաբերություններ է զարգացնում աշխարհի գրեթե բոլոր առաջատար պետությունների, ուժային կենտրոնների և տարածաշրջանների հետ: Ավելի ու ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում պետության շահերը ներկայացնելու, մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և մեր հայրենակիցների ներգրավումն ապահովելու համար:
Մեր մշտական ուշադրության կենտրոնում շարունակելու են մնալ՝
• անվտանգության արտաքին բաղադրիչների ամրապնդումը,
• արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը,
• միջազգային քաղաքական և տնտեսական համագործակցության գործընթացներում և համակարգերում Հայաստանի ներգրավվածության ընդլայնումը,
• համազգային նշանակություն ունեցող խնդիրներին հետամուտ լինելը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ամենօրյա թափ հաղորդելը,
• հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերը,
• Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների զորացումը և ռազմավարական համագործակցության ամրապնդման ծրագրերի իրականացումը,
• Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու ընդլայնումը,
• Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության շարունակությունը, եվրոպական երկրների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը,
• մեր արտաքին քաղաքականության մյուս գերակայությունները:

Մենք շարունակելու ենք մեր ավանդը ներդնել և նպաստել միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր կողմից որդեգրված գործընկերության և համագործակցության ոգուն: Հայաստանն արտաքին աշխարհի համար շարունակելու է մնալ որպես վստահելի և կանխատեսելի գործընկեր:

2015 թվականն ամբողջ աշխարհի հայության՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և ամբողջ առաջադեմ մարդկության համար լինելու է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման յուրատեսակ հանգրվան: Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում` լինի դա միջազգային կառույցների, պետությունների, թե միջազգային հանրության (այդ թվում՝ Թուրքիայի հասարակության) մակարդակով:
Ապահով հայրենիքի մյուս կարևորագույն բաղադրիչը արցախյան խնդրի խաղաղ կարգավորումն է: Քննարկման չի ենթարկվում. Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով. միևնույն ժամանակ պատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության կամ ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը:
Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, այդ երկրում հետևողականորեն քարոզվող հայատյացությունը, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի ամենօրյա դրսևորումները՝ բոլոր հնարավոր միջոցներով է՛լ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության երաշխիքները:

Շարունակելու ենք բանակցային գործընթացը: Երախտագիտություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի համար՝ միաժամանակ մշտապես միջնորդների ու միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրելու խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության միջոցների ստեղծման և ամրապնդման հարցերին: Ադրբեջանի քաղաքականությունն ընդհանրապես և մասնավորապես դիպուկահարներին հետ քաշելուց հրաժարվելը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի գործարկումից հրաժարվելը, մարդասպաններին հերոսացնելը, այլատյացությունը և ռասիզմը խրախուսելը, անհուսալի և երկերեսանի կեցվածքը բանակցություններում որևէ կերպ չեն նպաստում վստահության միջոցների ստեղծմանը և համապատասխան արձագանք չստանալու դեպքում ծայրաստիճան սրում են իրավիճակն ամբողջ տարածաշրջանում: Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը: Արդյունավետ բանակցությունների վարումը կառուցողական մթնոլորտում հնարավոր կլինի միմիայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերն իրապես ցանկանան հասնել խնդրի արդար լուծման՝ հրաժարվելով անհիմն առավելապաշտական նկրտումներից:

Սիրելի՛ գործընկերներ,

Ապահով կարող է լինել միայն Արդար Հայաստանը: «Արդար պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: Արդար պետությունը պետք է բոլորի համար երաշխավորի հնարավորությունների հավասարություն թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ տնտեսության մեջ, թե՛մշակութային կյանքում, պետք է ապահովի և խթանի մրցակցությունը՝ միևնույն ժամանակ պաշտպանելով առավել խոցելի սոցիալական խմբերին, պետք է արդյունավետորեն կանխի կոռուպցիան:
Արդարությունը հիմնվում է իրավունքի գերակայության, մարդուն որպես բարձրագույն արժեք ճանաչելու գաղափարների վրա` դրանից բխող հետևանքներով: Արդարության ապահովումը, լինելով բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրը, այնուհանդերձ, դատարանների հիմնական գործառույթն է:
Այս առումով շարունակելու ենք հիմնավոր, արմատական բարեփոխումների իրականացումը, որոնք հնարավորին կարճ ժամկետում մեր քաղաքացիների համար կապահովեն արդարադատության մատչելիությունը, դրա իրական անկախությունն ու արդյունավետությունը:

Մենք գիտակցում ենք նաև, որ ազատ Հայաստանն է միայն ապահով Հայաստանը: Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարևոր սկզբունք է, որի պահպանման և զարգացման համար մենք դեռևս հսկայական անելիքներ ունենք:
Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման և այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական և պատասխանատու քննադատությունն է առողջ քաղաքական համակարգի զարգացման գրավականը:
Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարևոր բաղադրիչներն են: Նախորդ տարիների ընթացքում մենք կամուրջներ կառուցող քաղաքականություն ենք իրականացրել, և այս սկզբունքը շարունակելու է մնալ մեր օրակարգում: Ազգային և սոցիալական համերաշխության սկզբունքն այլընտրանք չունի:

Միայն գաղափարական և գաղափարախոսական մրցակցությունն է վկայում ժողովրդավարական երկրների քաղաքական համակարգերի զարգացվածության մասին: Մեր գործունեության հիմքում կրելով ազգային և ժողովրդավարական արժեքները՝ մենք կարևորում ենք նաև սփյուռքի մեր գործընկերների՝ ավանդական կուսակցությունների հետ կայուն հարաբերությունները, որոնք միտված են ամրապնդելու Հայաստան-սփյուռք քաղաքական կապերն ու բարենպաստ պայմաններ են ստեղծում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու համար:
Կայուն և առողջ քաղաքական համակարգը ենթադրում է նաև աջակցություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը:
Մենք վճռական ենք` հասնելու այնպիսի իրականության, երբ Հայաստանի ցանկացած քաղաքացի վստահ կլինի, որ իր ձայնը լսելի է, իր քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանացող: Մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացումն այլևս փաստ է: Քաղաքացիների ոչ ֆորմալ միավորումները` իրենց հուզող խնդիրները լուծելու համար, դարձել են գործոն` իշխանությունների որոշումների վրա ազդող և յուրօրինակ հավասարակշռող մեխանիզմներ: Մենք շարունակելու ենք առաջ գնալ այս ճանապարհով:

Այս ամենով հանդերձ, ապահով Հայաստանի կարևորագույն հիմքը ապահովված ընտանիքներն են: Մենք լուրջ նպատակներ պիտի ամրագրենք տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, առողջապահական, տարածքային համաչափ զարգացման մեր քաղաքականությունների համար: Հարգելի՛ պատգամավորներ, Ձեզ բաժանված է մեր ծրագրի առաջին նախագիծը: Մենք դա բաժանել ենք նրա համար, որպեսզի դուք ձեր առաջարկություններով և նկատառումներով այն դարձնեք համալիր մի ծրագիր: Խնդրում ենք, և դրա համար բավականաչափ ժամանակ կա, որպեսզի դուք ձեր առաջարկությունները ներկայացնեք կուսակցության գրասենյակ` դրանք հաշվի առնելու համար:

Սիրելի՛ հանրապետականներ,
Ես շնորհակալ եմ իմ կուսակցությանը, ձեզ, ի դեմս ձեզ բոլոր հանրապետականներին՝ գալիք նախագահական ընտրություններում ինձ առաջադրելու համար: Դա ինձ համար իսկապես կարևոր է: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ուղղություններով խորքային քայլեր են կատարվել, որոնք դեռ նոր պիտի իրենց պտուղները տան, և որոնք պետք է ավարտին հասցնել: Սկսածը մինչև վերջ հասցնելու համար սա չափազանց կարևոր է:

Լավ, արդար ընտրությունների անցկացումը մեր առաջնային խնդիրն է: Վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մենք հրաշալի արձագանքներ ենք ստացել: Դա շատ է ոգևորում: Մենք արդեն որպես պետություն կարողանում ենք ազատ մրցակցության, արտահայտվելու գրեթե կատարյալ ազատության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրություններ անցկացնել և պատրաստվում ենք շատ ավելի առաջ գնալ այս ուղիով:
Գաղտնիք չէ, որ մենք միշտ հանդես ենք եկել «հանուն» գաղափարներով, չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, առաջարկել ենք ճանապարհ, որը, մեր կածիքով, տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի վերելք և մեր ժողովրդի բարեկեցության բարձրացում: Ապագայում ևս վստահաբար չենք շեղվի մեր մոտեցումներից: Մեր ժողովուրդն Աստծո կամոք և իր կորովի շնորհիվ կրկին անկախ պետություն ունի և ցանկանում է հետ չմնալ զարգացած աշխարհի իրողություններից: Մենք հենց դա՛ Ս ետք է ապահովենք: Պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար ապահով Հայրենիք կերտել և հոգալ յուրաքանչյուր ընտանիքի ապահովվածության խնդիրը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք կարողանալու ենք:
Հայաստանի զարգացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովում է մեր ժողովրդի հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում, մեր ինքնությունը:
Հայաստանում բացվող ամեն նոր օրը պետք է տարբերվի նախորդից՝ լինելով ավելի լավը: Ապահով Հայաստանի նպատակադրումն իրագործելու ենք հենց այս տրամաբանությամբ՝ «ավելի լավ Հայաստանի» տրամաբանությամբ, «բարեկեցիկ, ապրելու և գործելու համար հարմարավետ, ուժեղ և անառիկ Հայաստանի» տրամաբանությամբ՝ հիմքում ունենալով ապահովված ընտանիքի գաղափարը:

Ապահով Հայաստանում յուրաքանչյուրս պետք է կարողանա իրականացնել իր երազանքները, կյանքի կոչել անձնական, ընտանեկան և ազգային նպատակները՝ անցյալում թողնելով արատավոր երևույթները՝ արտոնյալների դասը, մենաշնորհներն ու ամենաթողությունը:
Ապահով հայրենիք և ապահովված ընտանիք՝ սա է մեր զարգացման նպատակադրումը:

Սիրելի՛ բարեկամներ,
Հայոց պետականություն նշանակում է ազատ և ինքնավստահ քաղաքացի: Հայ մարդու նվաստացումը, իրավազրկումը և հարստահարումը, որ նախկինում սովորական, կենցաղային օրինաչափություն էր տարբեր վարչակարգերի օրոք, չի կարող շարունակվել անկախ Հայաստանում: Քաղաքացին պետք է իրեն ապահով և ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Ասվածը` պետք է հասկանալ և՛ ուղղակի և՛ փոխաբերական իմաստով: Որևէ քաղաքական ուժի, առավել ևս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձևավորմանը: Նոր հայ, ով հարգում է օրենքները` հաստատ իմանալով, որ իրեն նույնպես հարգում են:

Քանիցս նշվել է, որ Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է: Եվ դա ճշմարտություն է: Այսօր ես ասում եմ ավելին: Հայաստանի ողջ պետական կառույցն է մեր արժանապատվությունը: Մենք ազգովի բան ունենք աշխարհին ասելու, մենք բան ունենք մեզ ու աշխարհին ապացուցելու: Իրար հայհոյելով, իրար խաբելով, իրար նվաստացնելով, իրար թուլացնելով մենք ի՞նչ ենք ուզում ապացուցել մեզ ու աշխարհին: Հայաստանում բազմաթիվ լավ բաներ են կատարվում, բայց դրանք հաճախ և անարդարացի կերպով մնում են ստվերում, որովհետև կատարվում են նաև այլանդակություններ, որոնք կարող են հուսահատության հասցնել նույնիսկ լավատեսներին: Մենք դեռ կռիվ ունենք տալու: Եվ սա մե՛ր կռիվն է:

Հիշե՛ք, ցանկացած պայքարի մեջ պարտվում է նա, ով տոկուն ու համբերատար չէ և առաջինն է հուսահատվում: Ոչ ոքի իրավունք չի տրված հուսահատեցնել Հայաստանի քաղաքացուն: Նույնիսկ մեկ մարդու հուսահատությունը կամ հիասթափությունը արդեն նշանակում է պարտություն լայն իմաստով: Դրա համար էլ այսօր ես ասում եմ. Հայաստանի ողջ պետական կառույցը պետք է մարմնավորի հայոց արժանապատվությունը: Վատ աշխատողները նրանք են, ովքեր չունեն ո՛չ մարդկային, ո՛չ ազգային արժանապատվություն: Իսկ լավ աշխատող մեր պաշտոնյաներին նույնիսկ օտարները օրինակ կբերեն: Օտարներին արժանավՍ յել ներկայանալը նույնպես կարևոր է, բայց մենք օտարին ներկայանալուց առաջ պիտի բարի լինենք ներկայանալ Հայաստանի քաղաքացուն և ներկայանալ ո՛չ պակաս արժանավայել պահվածքով:

Չկա մի հարց, որ մենք չկարողանանք լուծել, եթե միասնական ենք: Համազգային ջանքերի համադրման դեպքում հաջողությունը միշտ գալիս է: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ: Արագ թե դանդաղ, բայց գալիս է: Մեր անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք միասնական չենք, իսկ եթե ավելի ուղիղ ասեմ, ապա անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք միմյանց դեմ: Ծածուկ թե բացահայտ, կարևոր չէ:
Իմ կոչն է բոլորիս: Աշխատենք` իրար օգնելով, իրար թև ու թիկունք լինելով, իրար հույս ու հավատ ներշնչելով: Այսպես իրար հետ պիտի աշխատեն պատգամավորն ու քաղաքացին, մարզպետն ու քաղաքացին, ոստիկանն ու քաղաքացին, նախարարն ու քաղաքացին: Այս դեպքում ապահովության զգացում կունենան բոլորը՝ և՛ քաղաքացիները, և՛ պաշտոնյաները:
Կրկնում եմ՝ պարտվում է նա, ով առաջինն է հուսահատվում: Այս խնդրի լուծումը թող ոչ ոք չփնտրի հեռու կամ մոտիկ մայրցամաքներում: Այս խնդրի լուծումը մեր մեջ է: Մենք պետք է արժանի լինենք նրանց հիշատակին, ովքեր իրենց գործը սրբությամբ են արել: Մեր մեծերին արժանի լինելու համար որևէ մեկից հերոսություն չի պահանջվում. պարզապես բարեխղճորեն է պետք անել վստահված գործը: Համոզվա՛ծ եղեք, որ դրանով դուք Հայաստանը կդարձնեք աշխարհի ամենաապահով երկրներից մեկը:

Հայաստանի և սփյուռքի բոլոր քաղաքական ու հասարակական ուժերը և հատկապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր ի թիվս այլ հարցերի, ունեն առաքելություն. թե՛ իրենց ներսում, թե՛ միմյանց միջև համաձայնության գալ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և սրանցից բխող մնացած հարցերի շուրջ: Հարցեր, որոնք բաղադրիչներն են Հայաստանի քաղաքացու ապահովության:
Իշխանության համար պայքարը բնական է, բայց ով էլ լինի իշխանություն, նրա առաջ ծառանալու են նույն խնդիրները, որ Հայաստանի և հայության խնդիրներն են: Ով էլ լինի իշխանություն, ունենալու է այդ համաձայնության և հասարակական լայն աջակցության կարիքը՝ ավելի արդյունավետ գործելու համար: Հասարակական համաձայնությունն այն ուժն է, որը կարող է անհավանական արդյունքներ ապահովել յուրաքանչյուր լավ նախաձեռնության համար: Միևնույն ժամանակ հենց այդ ուժն է նաև, որ միշտ կկանգնեցնի տգետներին ու արկածախնդիրներին՝ արգելելով անհիմն փորձությունների տանելու մեր երկիրը:

Հարգելի՛ գործընկերներ,
Ես չեմ կասկածում՝ մենք հաղթելու ենք և տեսնելու ենք մեր երազանքի Հայաստանը` ուժեղ, բարեկեցիկ ու ապահով: Դա չի լինելու միայն արտաքին ինչ-ինչ բարենպաստ պայմանների արդյունքում: Դա անելու ենք մենք ինքներս և անելու ենք մեր հաշվին: Այդպիսի մեծ գործեր անելու համար հայ ժողովրդի մտավոր ու բարոյական լիցքերը բնավ սպառված չեն: Ճիշտ հակառակը. մենք ունենք այդ լիցքերը ստանալու հզոր աղբյուրներ թե՛ մեր հեռու և մոտ անցյալում, թե՛ մեր շուրջը:

Երբ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր իր հայտնի բանաձևը, նա միայն Արցախը նկատի չուներ: Նա նկատի ուներ ողջ Հայաստանն ու հայությունը: «Սա Հայաստան է և վերջ»:

Սա Հայաստան է, որտեղ մենք սերունդ ենք մեծացնում: Այդ սերունդը լինելու է մեզնից ուժեղ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական առումներով: Ոչ ոք իրավունք չունի փակելու երիտասարդների բերանը և կանխելու նրանց թռիչքը: Նրանք լուրջ անելիքներ ունեն և անելու են, բայց պայմանով, որ գիտակցեն ամենակարևորը` սա Հայաստան է և վերջ:

Սա Հայաստան է, որտեղ մենք կազմավորել ենք պատկառելի զինուժ և որի հետ այլևս կատակ չեն անում: Նա է մեր ապահովության, անվտանգության և հարատևման երկաթե խարիսխը: Սա Հայաստան է, որից տրամաբանությունը չմթագնածները զգուշանում են: Գիշերվա կեսին լեռների ձյան մեջ կանգնած երիտասարդ զինվորն իր կեցվածքով ասում է բոլորին. «Սա Հայաստան է և վերջ»: Ո՞վ իրավունք ունի նրա թիկունքում նրա Հայաստանը ջլատել: Ես էլի եմ ասել, ուշ հասկացողների համար կրկնում եմ` ոչ ոք իրավունք չունի: Համբերությունը, ներողամտությունը և հանդուրժողությունը նույնպես սահմաններ ուՍ են: Այդ սահմանները մենք արդեն հստակ գծել ենք: Դրանք Հայաստանի օրենսդրության սահմաններն են:

Չմոռանանք՝ սա Հայաստան է, որին հետևում են միլիոնավոր սփյուռքահայեր: Հետևում են հույսով, երազանքով, դրական տեղաշարժերի ակնկալիքով: Երբեմն հետևում են խոշորացույցով: Խանդավառվում և հիասթափվում են մեզ հետ միասին: Ճիշտ են անում: Հայրենիքի ուժը մեծ ուժ է: Մի օրինակ հիշեմ: Մի ֆրանսահայ ժամանակին ինձ պատմում էր, որ աշխատավայրում երբեք առիթ չի ունեցել իր գործընկերներին ասելու, որ ինքը ծագումով հայ է: Բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր հետո չէր դիմացել գայթակղությանը: Իր հայ լինելու մասին նա արդեն խոսում էր բարձրաձայն և հպարտությամբ: Մենք մեր հաջողություններով ի զորու ենք հայության գիրկը վերադարձնել նույնիսկ նրանց, ովքեր այսօր ուծացման ճանապարհին են: Դրա համար անհրաժեշտ է միայն մեկ բան՝ մարդիկ պետք է ոչ թե ամաչեն, այլ հպարտ լինեն Հայաստանի նկարագրով, իսկ այդ նկարագիրը պիտի կերտենք մենք: Ֆրանսահայ, թե սիրիահայ, միևնույն է, գիտակցում է, որ բոլոր խնդիրներով հանդերձ, սա Հայաստան է, և դրանով ամեն ինչ ասված է:

Այո, հարցեր շատ կան, բայց կա հարց լուծողը, և հարց լուծողը մեր ժողովուրդն է` Հայաստանի տերն ու ժառանգը: Այն Հայաստանի, որ այսօր ոտք է դնում իր համար նոր պատմական դարաշրջան: Պարտադիր չէ, որ այդ նորը հեղափոխությունների կամ պատերազմների ճանապարհով գա: Լուրջ առաջընթաց արձանագրած երկրների փորձը միարժեքորեն ցույց է տալիս, որ ջրի բերածը ջուրն էլ տանում է: Մնայունը խաղաղ և արդյունավետ աշխատանքով ստեղծվածն է: Մենք այդ հուսալի ճանապարհի վրա ենք, մենք հենց դա՛ ենք անում:

Ես ասում եմ՝ հետևողականորեն մի կողմ ենք նետելու ամբողջ վատն ու թերին, որ կա մեր աշխատանքում և կենցաղավարության մեջ: Դրա համար մենք բազում քայլեր արդեն արել ենք, որ դեռ նոր պիտի պտուղներ տան: Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը:
Սա նո՛ր Հայաստան է և վերջ:
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ:
Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:
Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ:
Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ:

Կեցցե՛ Հայաստանը:
Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:45
Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը` Մարտին Մկրտչյանը հուզմունքից արտասվել է
Հայաստանից այս տարի Մանկական եվրատեսիլին հանդես եկող  10-ամյա Լեոն անցակցրել է իր գլխավոր փորձը: Լեոյի գլխավոր փորձի ժամանակ հայրը`...
Աղբյուր` Panorama.am
22:35
Հրդեհից գյուղում երկու տուն է այրվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, որ Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չվերացվեց:...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբայի միջոցով հանրապետության նախագահ Ասլան Բժանիային փոխանցել են նրա...
Աղբյուր` Panorama.am
21:33
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
Վրաստանի ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համախոհների հետ միասին ուրբաթ օրը Թբիլիսիի կենտրոնական պողոտաներով երթ են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով
Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանում ավտոմեքենա է այրվել
ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստեպանովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
20:35
Խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
Քիչ առաջ  Վերաքննիչ հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը  Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
20:16
Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փ....
Աղբյուր` Panorama.am
20:05
Երկրաշարժ՝ վրաց-թուրքական սահմանին
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Թուրքիայի հետ սահմանին  գրանցվել է երկրաշարժ, որի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի առանձին հատվածների երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ն...
Աղբյուր` Panorama.am
19:32
Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:26
Հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները․ Կլաուդիա Բուշ
 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:06
Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ սովետական տարիներից...
Աղբյուր` Panorama.am
18:53
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունքն են արտահայտել ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման փաստի կապակցությամբ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը՝ ԵՊՀ-ում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկավել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում
Թուրքիայի «Ժողովրդական ներկայացուցիչների համագումարի» նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու պահանջով ստորագրահավաք է սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է․ Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ներկայացվել է արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր»  և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահի պաշտոնում
Մեսրոպ Մեսրոպյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։...
Աղբյուր` Panorama.am
17:55
Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Խառը մենամարտերի (MMA) հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF MMA աշխարհի առաջնության երիտասարդների...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չորության դեմ պայքարելու համար ընտրեք ՑԻԿԱ բառը պարունակող քսուքներ. Մաշկաբանի խորհուրդները
Մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը ձմռանն ընդառաջ մաշկի խնամքի հետ կապված մի քանի խորհուրդներ է տվել. «Հիմա տեսեք, դեռ ձմեռ չէ, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սերժ Սարգսյանը 2016թ.-ին Սպիտակ տանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «ԱԺ-ում ՔՊ-ն բան ու գործ չունի անելու: Հիմա էլ անցել են հայ-արմերիկյան պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
17:27
Այս տարվա 10 ամսում գրանցվել է շմոլ գազից թունավորման 216 դեպք
Տաքանալ` պահպանելով զգուշությունը. արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր: Զգուշացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից ու հիշեցնում,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Սա պետական դավաճանnւթյան մասին հաղորդում է. ՔՊ-ականը՝ Աննա Գրիգորյանի ելույթից հետո դիմեց գլխավոր դատախազությանը
«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-հորդոր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ակցիայի ավարտին մասնակիցները ստորագրեցին և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրիգոր քահան Գրիգորյան. Ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է. «Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար,...
Աղբյուր` Panorama.am
16:52
Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է. Մարգարիտա Քարամյան
«Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է»,-ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող «Stop...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
16:23 15/11/2024

Այսքան պրիմիտավ կարելի՞ է լինել. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}