Ն. Մկրտչյան. Առաջադրվելու մասին վերջնական որոշում չունեմ
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի, սակայն վերջնական որոշում չի կայացրել:
«Մտադրություն ունեմ, վերջնական որոշում դեռ չեմ կայացրել»,-Panorama.am-ին հայտնեց Ն. Մկրտչյանը, ավելացնելով, որ վերջնական որոշում ընդունելը կախված է հասարակական տրամադրություններից ու արձագանքներից:
Ն. Մկրտչյանի խոսքով, առաջադրվելու մտադրության պատճառը Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ունեցած խորը մտահոգություններն են:
«Հասարակական, քաղաքական, տնտեսական գործընթացներն ինձ լրջորեն մտահոգում են: Ես ասպարեզում չեմ տեսնում այն գործիչը, որի հետ կապեմ փոփոխությունների հույսը»,-ասաց Ն. Մկրտչյանը:
Այս պահին ՄԱԱ նախագահը շարունակում է հանդիպումներ ու քննարկումներ ունենալ մտավորականների, ուսանողների, գործարարների հետ: Ասում է, ունի լավ թիմ` մոբիլ, ինտելեկտուալ, աշխույժ:
Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի ընտրությունները նշանակված են 2013-ի փետրվարի 18-ին: Թեկնածուների առաջադրման գործընթացն սկսվելու է դեկտեմբերի 25-ից և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-14-ը կկատարվի թեկնածուների գրանցումը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ից և կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր. պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան