ՀՀ նախագահ. Մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում (Տեսանյութ)
«Մենք կարողացանք այս ժամանակահատվածում առաջին հերթին բացել հասարակությունը»,- ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան թղթակցի այն հարցին, թե իրականացված որ աշխատանքներն են ապահովում գործող նախագահի վերընտրվելու հնարավորությունը:
Թղթակիցն իր խոսքում նշել է, որ ռուսական ԶԼՄ-ներին հասանելի հետազոտությունների համաձայն` այս պահին գործող նախագահը հաղթելու մեծ շանսեր ունի, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. «Իրականում ես համարում եմ, որ լավ հնարավորություն ունեմ մեր ժողովրդի վստահությունը շահելու, այդ պաշտոնում երկրորդ ժամկետում պաշտոնավարելու համար»:
Խոսելով կատարված աշխատանքների մասին` ՀՀ նախագահը նախ փաստել է, որ երկրում, ինչպես բազմաթիվ շատ այլ երկրներում, հատկապես` զարգացող, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:
«Միևնույն ժամանակ մենք կարողացանք այս ժամանակահատվածում առաջին հերթին բացել հասարակությունը: Ես համարում եմ, որ այժմ Հայաստանում առկա է բաց հասարակություն. մարդիկ ազատ քննադատում են իշխանություններին, առկա է քաղաքական մրցակցային պայքար: Գտնում եմ, որ մեր լրատվամիջոցներն իրենց ազատ են զգում»,- ասել է երկրի ղեկավարն ու նշել, որ չնայած լրատվամիջոցները, ինչպես բոլոր երկրներում, դժգոհում են, սակայն այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանք է կատարվել:
Նախորդիվ` Սերժ Սարգսյան. Անցնող տարվա կարևորագույն իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին