Իրանն արձագանքել է Ադրբեջանի պնդումներին. Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգալ» նավթահանքը պատկանում է Իրանին
Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգալ» նավթահանքը պատկանում է Իրանին:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին:
Իրանի նավթի նախարարը, անդրադառնալով Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգալ» նավթահանքի պատկանելիության շուրջ Ադրբեջանի պնդումներին, մասնավորապես նշել է. «Դա ուղղակի պնդում է. Մենք այդ հանքավայրում ներկայում հետախուզական աշխատանքներ ենք իրականացնում: «Սարդար Ջանգալը» գտնվում է Իրանի տարածքում և ամբողջովին պատկանում է Իրանին»:
Հիշեցնենք, որ վերջերս Էներգետիկ տեղեկատվության միջազգային կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նշել էր, որ Իրանի կողմից Կասպից ծովում նավթի խոշոր հանքավայր հայտնաբերելուց հետո Ադրբեջանը պնդում է, որ այդ նավթի հանքը պատկանում է իրեն և գտնվում է իր ջրային տարածքներում:
Զեկույցի հեղինակները նշել էին, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների միջև առկա տարաձայնությունների պայմաններում յուրքանչյուր նոր հանքավայրի հայտնաբերում ավելի է խորացնում նրանց տարաձայնությունները:
Նկատենք, որ իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իրանը 2012թ. ընթացքում Կասպից ծովում բարձրորակ նավթի երկու խոշոր հանքավայր է հայտնաբերել, որոնց նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է համարվում:
Այդ առնչությամբ՝ Իրանի Նավթի ազգային ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրը գտնվում է Իրանի տիրապետության տակ գտնվող ջրերում և Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի մասնաբաժին չունի դրանից:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանը Իրանից 10 միլիարդ բարել նավթ է պահանջում