«Կարող է և աջակցեմ, դու նախագահից լա՞վն ես». Հայրիկյանի պատասխանը Անդրիաս Ղուկասյանին
«Այս փուլում վերջնագրով և սպառնալիքով այդպիսի հայտարարություն անել, որ եթե դուք չհանեք ձեր թեկնածությունը, ապա աջակցում եք գործող նախագահին, պարկեշտ և գեղեցիկ չէ: Կարող է և աջակցեմ, դու նախագահից լա՞վն ես: Այդ ի՞նչ անհամեստ դրսևորում է: Ես կոչ եմ անում բարեկրթությունը մշտապես պահպանել»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի այն կոչին, որ նախագահական ընտրություններից առաջ թեկնածուները պետք է ինքնաբացարկ հայտնեն և բոյկոտեն ընտրությունները, նշեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Վերջինիս համոզմամբ, ընտրությունները բոյկոտել նշանակում է աջակցել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որպիսի նա միանգամից, առանց դժվարության դառնա նախագահ. «Եթե լինեն այնպիսի պատճառներ, որ ընտրությունը լուրջ կասկածի տակ կդնեն, ես էլ կմիանամ բոյկոտին: Սակայն կլինեմ նախավերջին թեկնածուն, երբ կարող է միասնական բոյկոտի հարց ծագել: Բոյկոտի վերաբերյալ խոսակցությունները չեն կարող լինել սպառնացող շեշտադրումներով: Էդ էր մնացել պակաս, որ ինչ-որ նորելուկ ինձ ասի, թե ես ինչ անեմ»,- ընդգծեց ԱԻՄ առաջնորդը:
Նա վստահեցրեց, որ միայն ստրատեգիական հարցերով է մասնակցում քաղաքական կյանքին և իր համար նախագահի պաշտոնը նպատակ չէ. «Ես մի քանի տասնամյակ աշխատում են ժողովրդավարության ուղղությամբ և գտա այն ճանապարհը, որով Հայաստանում հնարավոր կլինի ոչ միայն պարզապես ժողովրդավարություն, այլև աշխարհի համար օրինակելի ժողովրդավարություն հաստատել: Մեկ-երկու տարվա ընթացքում կլուծեմ բոլորիս համար կարևոր հարցերը»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Բանախոսը նկատեց, որ ստում են բոլոր նրանք՝ ասելով, թե դառնալով նախագահ այս կամ այն բանը կանեն: Ըստ նրա, առանց խորհրդարանական մեծամասնության հետ հաշվի նստելու ոչ ոք ոչինչ էլ չի կարող անել: Հետևաբար ինքը ցանկանում է լինել նախագահ, որպեսզի սահմանադրական փոփոխություններով վերացնի նախագահի պաշտոնը, համընդհանուր ընտրություններով ընտրվի նոր վարչապետ և նոր Ազգային ժողով:
«Այսօր հայ մարդը, Հայաստանի քաղաքացին զրկված է իր ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքից: Ես քաղաքական պայքար եմ մտել ինքնորոշում սկզբունքի շեշտադրումով: Ես ուզում եմ դառնալ նախագահ, որպեսզի կարողանամ բարոյա-քաղաքական լծակներով, նախագահի դիրքերից քաղաքական գործիչներին համոզելու ճանապարհով փոփոխություններ կատարել պետական համակարգում՝ ներդնելով կատարյալ ժողովրդավարության համակարգը, կատարելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Սրանք այն հարցերն են, որոնցում կարծում եմ համաձայնության կգամ նույնիսկ ընդդիմախոսներիս հետ»,- վստահաբար նշեց Պարույր Հայրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները