Ադրբեջանական լրատվամիջոցներն այս անգամ աղավաղել են Վրաստանի ԱԳ նախարարի խոսքը
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները «տեղեկություն» էին տարածել, թե իբր Լիտվայի խորհրդարանի Եվրոպական ակումբի և տեղեկատվական գրասենյակի կողմից հունվարի 10-ին կազմակերպած քննարկման ժամանակ, պատասխանելով Լիտվայում Ադրբեջանի դեսպանի հարցին՝ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պիտի լուծում գտնի միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։
Սույն հարցի վերաբերյալ հայկական մի շարք լրատվամիջոցներ հարցում են կատարել Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, արդյոք նմանատիպ հայտարարություն եղել է։
Վրաստանի ԱԳՆ-ից պատասխանել են, որ քննարկման ընթացքում Վրաստանի արտգործանախարարը պատասխանելով հարցին, նշել է, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կերպ չի կապել Լեռնային Ղարաբաղի հետ և որևէ կերպ չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը ՝ չնայած Ադրբեջանի դեսպանի համառ պնդումներին կապել այդ երկու հարցերը։
Ավելին Վրաստանի ԱԳՆ-ից տրամադրել են այդ հանդիպման տեսագրության հղումը, որտեղ ամեն ինչ պարզ երևում է։ Տեսագրությունից պարզ է դառնում, որ պատասխանելով Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի հարցին, Վրաստանի ԱԳ նախարարն ընգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է և ունի իր լուծման ճանապարհը։