ՀՀ նախագահ. Թուրքիայի՝ հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց
Խոսելով Ադրբեջանի մասին` չպետք է մոռանանք, որ տարածաշրջանում կա մի պետություն, որն անվերապահորեն սատարում է Բաքվի հակահայ քաղաքականությանը: «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո ձևավորված թուրք-ադրբեջանական տանդեմը շուրջ քսան տարի շարունակ փորձում է շրջափակման, բաժանարար գծերի խորացման և համագործակցության բացառման միջոցով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզել: Դա նրանց չի հաջողվել և չի հաջողվելու: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Որպես խաղաղասեր, առաջադեմ և հեռատես ժողովուրդ, մենք գիտակցում ենք մեր տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը հարևանների հետ խաղաղ գոյակցելու և բնականոն զարգացման ճանապարհով ընթանալու համար: Հենց այս ամենի գիտակցմամբ էլ մենք նախաձեռնեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բոլորն են տեղյակ, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ այն, և ինչ պայմաններում Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից` շարունակելով զմռսված պահել Եվրոպայի միակ փակ սահմանը:
Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարվել: Հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան ձգտում է հարևանների հետ բոլոր խնդիրները լուծել հարևանների հաշվին: Այսօր Թուրքիան արագ զարգացող և մեծ առաջընթաց արձանագրող պետություն է, բայց այդ ընթացքը միշտ թերի է լինելու, և կանխատեսելի է դրա դրամատիկ ընդհատումը, եթե Թուրքիայի իշխանությունը լրջորեն չվերանայի իր վերաբերմունքը իր պետության և ժողովրդի պատմությանը: Այն այսօր էլ լրջորեն վտանգված է, քանի որ Թուրքիան կրկնում է իր իսկ պատմության սխալները:
Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Թուրքիայի պարտքն է ցեղասպանության զոհերի, վերապրածների ու նրանց ժառանգների, համայն մարդկության, բայց առաջին հերթին՝ իր իսկ ժողովրդի առջև: Այսօր Թուրքիայի ժողովուրդը, թեև դանդաղ, բայց կասկածի տակ է դնում տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունների մատուցված շինծու վարկածը, իսկ թուրքական հասարակության առավել առաջադեմ ու համարձակ հատվածը բարձրաձայն խոսում է Հայոց ցեղասպանության մասին:
Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը սոսկ արդարության և արդարադատության պահանջ չէ կամ նախնիների առջև ունեցած բարոյական պարտքի կատարում, այն ունի նաև անվտանգության նշանակություն: Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի և Ցեղասպանության հետևանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված»,- ասել է Ս. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան