Իրանի և «5+1» խմբի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Ղազախստանում
Իրանի և «5+1» խմբի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Ղազախստանում: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հատուկ հանձնակատար Քեթրին Էշթոնի տեղակալների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1» խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հերթական հանդիպումն անցկացվի Ղազախստանում:
Նշենք, որ մինչ այդ նշվում էր, որ բանակցությունները հնարավոր է, որ անցկացվեն Թուրքիայում, իսկ ավելի ուշ հայտարարվեց, թե խորհրդակցություններ են անցկացվում Եգիպտոսում անցկացնելու ուղղությամբ:
Այդ առնչությամբ օրերս ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը հայտարարեց, թե Թուրքիան արժանի չի, որ Իրանի և «5+1» խմբի հանդիպումը կայանա այդ երկրում: Իրանցի խորհրդարանականն իր այդ դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Թուրքիան Սիրիայի հարցում Իրանի հետ համակարծիք չէ:
Հավելենք, որ մինչ այդ, Իրանի և «5+1» խմբի միջև բանակցությունները տեղի էին ունեցել 2012թ. ապրիլին Ստամբուլում: Բանակցությունների երկրորդ փուլն անցկացվեց մայիսին՝ Բաղդադում, իսկ երրորդը տեղի ունեցավ հունիսին՝ Մոսկվայում: