Իրանի վրա ռազմական հարձակման փոխարեն ԱՄՆ-ն նախընտրում է բողոքի ցույցերն ու անկայունությունը
Իրանի վրա ռազմական հարձակման փոխարեն ԱՄՆ-ն նախապատվությունը տալիս է քաղաքական ներքին ճգնաժամի ավելացմանը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը՝ հղում կատարելով իսրայելական «Հաարեց» պարբերականին:
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով միջուկային խնդրի հարցում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես գրում է. «Վաշինգթոնն Իսրայելի կողմից Իրանի վրա միակողմանի ռազմական հարձակում գործելու փոխարեն, նախընտրում է սպասել այդ երկրում քաղաքական ներքին ճգնաժամի ավելացմանը, միևնույն ժամանակ, ավելացնելով Թեհրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն ու քաղաքական ճնշումները»:
«Վաշինգթոնը հույս ունի, որ Իրանում կայանալիք ընտրությունների ընթացքում, կամ նրան հաջորդած ժամանակահատվածում նախորդ նախագահական ընտրությունների նման բողոքի ցույցեր տեղի կունենան և երկրի ներքին կյանքում կրկին ճգնաժամ կառաջանա»,-նշում է իսրայելական պարբերականը:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, խոսելով 2009թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին, մասնավորապես նշել էր. «Թշամին հույս ունի, որ 2009թ. դեպքերը նորից կարող են կրկնվել, այդ առումով ջանում է ճնշումներ գործադրել, որպեսզի նախագահական ընտրությունների ժամանակ ճգնաժամային իրավիճակ առաջացնի»:
Իրանական «շոմալնյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ էլ` օրերս ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, դիմելով առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներին և ընտրությունները կազմակերպող պատասխանատու պաշտոնյաներին, մասնավորապես նշել է. «Յուրաքանչյուր ընտրությունից առաջ թշնամին փորձում է անվստահության մթնոլորտ սերմանել բնակչության շրջանում, սակայն Իրանի ժողովուրդն այնքան խելամիտ է, որ չի խաբվում: Թշնամուն մի ՛ օգնեք և անընդհատ մի ՛ կրկնեք, թե ընտրությունները պետք է ազատ լինեն, իսլամական հեղափոխությունից ի վեր 34 ընտրություն է անցկացվել, ո ՞ րը ազատ չի եղել»:
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին: Հավանական թեկնածուներ են համարվում «Պահպանողականների եռակողմ կոալիցիա»-ի անդամներ՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ինչպես նաև Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանագետ. Իրանի նախագահական ընտրություններում պայքարը կընթանա պահպանողականների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում