Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Սիրիայում ներկայություն չունի. Պարզաբանում է սիրիացի նախարարը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Սիրիայում ներկայություն չունի:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զաաբին:
Սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան «Ալ-ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նշել է, որ Թեհրանն ու Դամասկոսն ունեն ռազմավարական հարաբերություններ և հավելել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնած է Սիրիայի ժողովրդի և կառավարության կողքին:
Անդրադառնալով Սիրիայի տարածքում ԻՀՊԿ-ի և «Հեզբոլլահ»-ի ներկայությանն առնչվող հարցին՝ Օմար ալ-Զաաբին, նախ հերքել է, այնուհետև հավելել, որ Սիրիան այդ ուժերի ներկայության կարիքը չունի: Սիրիայի տեղեկատվության նախարարն իր խոսքում քննադատել է Թուրքիային, նշելով, որ այդ երկիրը մասնակից է Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությանը:
Հիշեցնենք, որ վերջերս ԻՀՊԿ հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանն առնչվող հարցին, նշել էր. «ԻՀՊԿ-ն նախկինում մեկ ստորաբաժանում ուներ. Ներկայում «Ղոդս»-ի ուժերի գործունեության հիմնական առաքելությունը ճնշված ժողովուրդներին օգնություն տրամադրելն է: Այդ ուժերի որոշ անդամներ նախկինում Սիրիայում և Լիբանանում ևս որոշակի գործունեություն են ծավալել: Սակայն «Ղոդս»-ի ուժերի ներկայությունը Սիրիայում չի համարվել և չի համարվում որպես Իրանի ռազմական ներկայություն:
Ավելին, եթե Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին Արևմուտքի ցուցաբերած օգնությունը նկատեք, ապա կստեսնեք, որ Իրանը նրանց համեմատ ընդհանրապես ռազմական ներկայություն չունի»:
ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին էլ, օրերս իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ Սիրիայի վրա հարձակում՝ կնշանակի հարձակում Իրանի և նրա դաշնակիցների վրա:
Ավելի վաղ, ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, մասնավորապես նշել էր. «Իրանի իսլամական հեղափոխության նպատակներից մեկը Իսրայելի հարձակման դեմ պայքարելն է. այդ առումով է, որ Իրանն ու Սիրիան ունեն ընդհանուր նպատակ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ճիշտ է ասում, Սիրիայի պատերազմը Իրանի պատերազմն է»:
Թեմայի առնչությամբ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին էլ, անդրադառնալով Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի կատարմանը, մասնավորապես նշել էր. «Իրանի և Սիրիայի միջև կնքված ռազմական պայմանագիրն առայժմ ուժի մեջ է, սակայն Սիրիան դեռևս որևէ հարցով չի դիմել Իրանին»:
Նախորդող տեղեկատվություն՝
Սայիդ Ջալիլին՝ Բաշար ալ-Ասադին. Իրանը Սիրիայի ժողովրդին կաջակցի Իսրայելի դեմ պայքարում
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Բաշար ալ-Ասադը մնալու է իշխանության ղեկին