Ո՞րն է ողջամիտ առաջարկը, որ պետք է Հովհաննիսյանն անի Սարգսյանին, Պարզաբանել է ԱԺ նախագահը
«Ճիշտ կլինի, որ պարոն Հովհաննիսյանը շնորհավորի Սերժ Սարգսյանին, որ իրեն ընտրած քաղաքացիների անունից նստի, Սերժ Սարգսյանի հետ քննարկի իրավիճակը ու գնան բարեփոխումների ճանապարհով», -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե երկխոսության փորձ եղել է և Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները չեն ընդունվել, այդ դեպքում ի՞նչ առաջարկությունների մասին է խոսքը, Աբրահամյանը արձագանքեց, որ խոսքը «ողջամիտ առաջարկների» մասին է: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնա ու ասի` եկեք գնանք երկրորդ փուլ, եթե ասում է արի լուծարենք խորհրդարանը, ո՞նց գնան էդ քայլին: Օրինակ, ողջամիտ կարող է համարվել առաջարկը, որ «Ժառանգության» որևէ անդամ կարող է կառավարել որևէ ոլորտ ու մաս կազմել կառավարությանը», - հստակեցրեց ԱԺ նախագահը:
Հարցին, թե մասնավորապես, վերահսկողական պաշտոններ զբաղեցնելու առաջարկը, Աբրահամյանը ողջամիտ համարո՞ւմ է, Աբրահամյանը պատասխանեց, որ ողջամիտ կլինի: «Եթե առաջարկեն, կարելի է քննարկել», -հավելեց նա: